Առկա տեղեկությունների համաձայն, Թուրքիան եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել
էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ: Ներկայում Թուրքիան Իրաքյան Քրդստանում հաստատել է իր համոզիչ տնտեսական ներկայությունը եւ ձգտում է որոշակի քաղաքական պայմանավորվածությունների հասնել: Իրաքյան Քրդստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը հակասում է Իրանի եւ արաբական պետությունների, եւ առաջին հերթին Իրաքի կենտրոնական կառավարության եւ Արեւմուտքի առաջատար պետությունների շահերին: ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ծրագրի համաձայն, Հյուսիսային Իրաքի նավթն իրենց համար է «պահուստավորված», եւ այդ ծրագրերի զարգացմանը Թուրքիայի մասնակցությունը չի համապատասխանում նրանց շահերին: Քուրդ քաղաքական գործիչները լավ հասկանում են, որ Թուրքիայի հետ չափից դուրս մերձեցումը հավանություն չի ստանա ոչ ԱՄՆ, ոչ էլ քրդերի ամենալուրջ դաշնակիցներից մեկի՝ Իսրայելի կողմից: Այդուհանդերձ, Իրաքյան Քրդստանը, նավթի արտահանման շնորհիվ զգալի միջոցների տիրապետելով, առավել համառ կերպով է սահմանում իր ներկայությունը միջազգային ասպարեզում, այդ թվում, սեփական շահերի լոբբինգ անելով արեւմտյան առաջատար երկրների մայրաքաղաքներում: Թուրքիա նավթի արտահանումը դեռեւս կայուն բնույթ չի կրում, սակայն դեպի Ջեյհան նավթամուղի, ինչպես նաեւ գազամուղի հավանական կառուցումը Իրաքյան Քրդստանին ամուր «կկապի» Թուրքիային՝ միաժամանակ կախվածության մեջ դնելով իրեն Իրաքյան Քրդստանի էներգետիկ աղբյուրներից: Մի քանի տարի առաջ վերլուծաբան Հայկ Բալանյանն առաջարկել էր Թուրքիայի հետ Իրաքյան Քրդստանին հնարավոր ինտեգրման կամ ինկորպորացիայի սցենարը: Չնայած բազմաթիվ ակնհայտ փաստերին, ամեն դեպքում, այս տարբերակն այնքան էլ արդարացված ու հիմնավոր չէ: Ավելի շուտ, Իրաքյան Քրդստանի կառավարությունը փորձում է որոշակի խաղ խաղալ, երբ Իրաքյան Քրդստանը հայտնվել է բարդ շրջափակման մեջ եւ դեռեւս այդ իրավիճակից դուրս գալու հույս չկա: Սիրիայում քրդական հողերի ապագան հազիվ թե հանգեցնի տարածաշրջանում Քրդստանի դրության բարելավմանը: Թուրքիայի նկատմամբ իրաքյան քրդերի քաղաքականությունը, անկասկած, ուղղված չէ Իրանի եւ Իրաքի հնարավորությունների ցուցադրությանը: Տվյալ քաղաքականությունը, ավելի շուտ, մարտահրավեր է Արեւմուտքին, որը դեռեւս արգելակում է քրդական հարցի հանգուցալուծումը՝ օգտագործելով այն որպես Մերձավոր Արեւելքում ազդեցության կարեւոր գործոն: Իրաքյան քրդերն այլեւս չեն պատրաստվում սպասել եւ անցել են իրենց գլխավոր հարցի՝ անկախության ճանաչման լուծման արագացմանը: Արեւմտյան տերությունները սպասում են Սիրիայի իշխող վարչակարգի հեռացմանը, որպեսզի օգտվեն սիրիա-լիբանանյան ուղուց իրաքյան եւ իրաքա-քրդական նավթը Միջերկրական ծով տեղափոխելու համար: Այդ կապակցությամբ Իրաքի քրդերը սկսել են սեղմել թուրքական ուղղությամբ: Եթե խաղի այդ տարբերակն իրականացվի, Իրաքյան Քրդստանն ուժեղ լծակ կստանա Թուրքիայի եւ տարածաշրջանի պետությունների վրա եւ փաստարկներ կունենա Արեւմուտքի հետ «առեւտրի» համար: Եթե այդ նախագծերը ձախողվեն, ապա կնշանակի, որ Արեւմուտքն արդեն համաձայնություն է տվել Իրաքյան Քրդստանի անկախությանը: Իրանն Իրաքյան Քրդստանի վրա ազդելու ոչ մի լծակ չունի, արաբական պետությունները շփոթված են եւ ԱՄՆ-ից լիակատար կախվածության մեջ են հայտնվել, Իսրայելը դարձել է քրդերի շահերի ռազմավարական լոբբիստը: Մնում են տարածքային եւ քրդերի ու Բաղդադի միջեւ նավթի պաշարների բաժանման հարցերը, իսկ դա լուծելի հարց է: Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա լիովին հնարավոր է, որ իրաքյան քրդերը կարողացել են պայմանավորվել Անկարայի հետ իրենց անկախության հարցում, թերեւս, Անատոլիական քրդերի շահերի, քրդերի հակաշիական դիրքորոշման դիմաց, ինչը շատ նման է քուրդ քաղաքական գործիչների մենթալությանը: Այսպես թե այնպես, ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները թույլ չեն տալ Իրաքյան Քրդաստանի եւ Թուրքիայի չափից դուրս մերձեցումը, քանի որ դա ոչ մի կերպ չի համապատասխանում ամերիկացիների շահերին: Այդպիսով, ավելի քան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել անկախության ճանաչման համար: Իգոր Մուրադյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment