Wednesday, October 3, 2012

ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել

Panorama.am. 2-10-2012- Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հետ: Այս մասին Ստրասբուրգից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը: Հիշյալ հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Ադրբեջանը` պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Բացի այս, հանդիպմանը ներկա է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ, իսպանացի պատգամավոր Յորդի Չուկլա-ի-Կոստան: Հանդիպման ավարտին, սակայն, կողմերը հրաժարվել են հրապարակել այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է. «Դա մենք պայմանավորվել ենք դեռևս պահել փակ դռների հետևում»,- ասել է Սեիդովը Panorama.am-ի թղթակցին: Նշենք, որ հանդիպումը կայացել է վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի նախաձեռնությամբ` այն բանից հետո, ինչ ԵԽԽՎ լիագումար նիստում Սամեդ Սեիդովը առաջարկել է քննարկումներ կազմակերպել ԼՂ հարցով:

No comments: