Sunday, October 21, 2012

ԱԳՆ-ում հաստատեցին Բեյրութի պայթյունի հետևանքով հայուհու մահվան մասին լուրը

Լիբանանում Հայաստանի դեսպանատունը հաստատում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի Ժորժետա Սարգսյանի մահվան մասին լուրը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` հավելելով, որ 9-ամյա տղայի մահվան մասին տարածված լուրերի վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա: Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ, երեկ Բեյրութում 8 կյանք խլած պայթյունի հետևանքով զոհվել են Ժորժետա Սարգսյանն ու 9-ամյա Նոյ Դոդելյանը: Պայթյունից մի քանի ժամ անց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը հայտնել էր PanARMENIAN.Net ի թղթակցին 9-ամյա հայ երեխայի վիրավորվելու մասին: Ըստ Քանդահարյանի, ավելի ուշ այդ տեղեկությունը չհաստատվեց: Բեյրութի քրիստոնեական թաղամասում անհայտ անձինք ավտոմեքենա են պայթեցրել: Ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 8 մարդ: Ավելի քան 90 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել Սասին հրապարակում, ընդդիմադիր «Մարտի 14 շարժում» կենտրոնակայանի մոտ: Պայթյունը Բեյրութում բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել: Քրիստոնեական և մահմեդական միավորումները պահանջում են կառավարության անհապաղ հրաժարականը: Քաղաքում բարիկադներ են կառուցվում և վրանային ավաններ, փոխհրաձգություն է գնում թշնամաբար տրամադրված իսլամական համայնքների միջև:

No comments: