Wednesday, October 17, 2012

Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ հետազոտությունը ներկայացվեց ԱԺ-ում

«HayNews.am», 16.10.2012: Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի աշխատանքային խումբը հոկտեմբերի 16-ին հանդիպում ունեցավ Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ներկայացուցչի տեղակալի հետ: Հանդիպման առիթը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խնդրանքով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված՝ Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատչելիության վերաբերյալ հետազոտությունն էր: Ինչպես նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հետազոտության արդյունքները ներկայացնող աշխատությունն ընթերցելով՝ «առնվազն պետք է քարե սիրտ ունենաս, որ չմտածես բոլորիս պաշտպանության կարիքն ունեցող երեխաներին օգնելու մասին»: Նրա խոսքով՝ նման հետազոտության կարեւորությունը մեծացնում է հատկապես այն հանգամանքը, որ Հայաստանը կանգնած է համընդհանուր ներառական կրթության անցնելու շեմին. համապատասխան օրենքն արդեն անցել է առաջին ընթերցում, առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ: Ներկայացնելով մանրամասներ հետազոտության վերաբերյալ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Քրիստինա Ռոչելլան կարեւորեց Ազգային ժողովի հետ համագործակցությունը, այն հանգամանքը, որ ներառական կրթության հարցը գտնվում է օրենսդիր մարմնի ուշադրության կենտրոնում: Վերջինիս կարծիքով՝ ոլորտում ճիշտ ռազմավարություն մշակելու համար նախեւառաջ կարեւոր է պատկերացում ունենալ առկա իրավիճակի մասին, ինչին էլ օգնում է կատարված հետազոտությունը: Ներառական կրթության ոլորտում իրենց երկրի բազմամյա փորձը եւ ձեռքբերումները ներկայացրեց Պորտուգալիայի կրթության նախարարության ներառական կրթության վարչության պետ Մարիա Ֆիլոմենա Պերեյրան: Նրա խոսքով՝ ոլորտի կայունացման գործընթացը Պորտուգալիայում պահանջել է տարիներ, նոր գիտելիքների, ֆինանսական միջոցների ներդրում, իսկ արդյունքն այսօր արդեն ակնհայտ է: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին համընդհանուր ներառական կրթության անցնելու պորտուգալական փորձով, գործընթացի մանրամասներով, քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ:

No comments: