Tuesday, October 9, 2012

Ադրբեջանը ստիպում է Թուրքիային ճնշումնե՞ր գործադրել Հայաստանի վրա

News.am. 9-10-2012- Ստեփանակերտի միջազգային օդանավակայի բացումը հանգիստ չի տալիս Ադրբեջանին:
Քաղաքացիական օդանավերի կործանման սպառնալիքների անարդյունավետության մեջ համոզվելուց հետո Բաքուն անցել է շանտաժի մեկ այլ տեսակի բանեցմանը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը ինչ-որ գաղտնի դիվանագիտական աղբյուր հայտնել է, որ «եթե հայերը թռիչքներ իրականացնեն Լեռնային Ղարաբաղ, Թուրքիան կարող է փակել Հայաստանի համար իր օդային տարածքը»: Աղբյուրը նշել է, որ Բաքուն ու Անկարան որոշակի պայմանավորվածություն ունեն այս հարցում, եւ հարցը վերջերս բազմիցս քննարկվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ավիացիոն ստորաբաժանումների կողմից: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ադրբեջանական գործակալության տարածած լուրը հրաժարվեցին մեկնաբանել: Նույն ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Սինան Օգանը հնարավոր է համարել Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու հնարավորությունը, սակայն, միեւնույն ժամանակ հարց է բարձրացրել, թե այդ դեպքում թռիչքները Նախիջեւան ո՞ր ճանապարհով է կատարվելու: Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, «Ստեփանակերտ» օդանավակայանն արդեն գործարկվել է, իսկ թռիչքները նախատեսվում են իրականացնել առաջիկայում: Օդանավակայանի բացման լուրին ի պատասխան Ադրբեջանն օդանավերը կործանելու սպառնալիքով է հանդես եկել:

No comments: