Thursday, October 25, 2012

«Ազադլիգ». Իլհամ Ալիևը վերածվել է լուրջ գլխացավանքի

Panorama.am. 25-10-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր անհեռատես և ոչ խելամիտ քաղաքականության պատճառով հասել է մի կետի, որ այլևս չի կարող պահպանել ոչ իր առկա կարգավիճակը, ոչ էլ ուժ ունի բոլորին բավարարող նոր հավասարակշռություն ձևավորել: Ալիևը ներկայում իր հետ շփում ստեղծելու հարկադրության մեջ հայտնված յուրաքանչյուրի համար վերածվել է լուրջ գլխացավանքի: Իշխանությունը ժառանգաբար փոխանցելու հարցի հետ միասին Ալիևն ընթանում է Սիրիայի բռնատեր Ասադի ուղիով: Նրա որդեգրած ռազմավարությունն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում, ինչը զայրացնում է այստեղ խաղաղություն ստեղծել ցանկացող ուժերին: Նման կարծիք է հայտնում «Ազադլիգ»-ը` Ալիևի վարած քաղաքականության պատճառով Ադրբեջանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Ադրբեջանի խորհրդարանում պատգամավորական տեղերը վաճառվելու մասին տեսանյութի հրապարակումից հետո Ալիևի նկատմամբ ճնշումները դրսից և ներսից ավելի լուրջ բնույթ են ստացել: Թերթը որպես օրինակ նշում է Ռուսաստանում ադրբեջանցի օլիգարխների` Ալիևի դեմ դուրս գալու, Բաքվի փողոցներում հրաժարականի և խորհրդարանը ցրելու կոչեր հնչեցնելու մասին, որոնց արձագանքել են նաև «Եվրանյուզ»-ն ու թուրքական NTV հեռուստաալիքը: Թերթը պատահական չի համարում Ալիևների հարստությունների, կոռուպցիոն դիվանագիտության և նրանց կողմից երկրից գողացված 42 մլրդ դոլար մասին արևմտյան մամուլում հրապարակումները: «Ռուսաստանից էներգետիկ անկախության հասնելու համար Արևմուտքին առանց Ալիև Ադրբեջան է անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական պաշտոնական մամուլը բացահայտ հայտնել է, որ NABUCCO գազային նախագծի իրագործմանը Բաքուն է խոչընդոտել: Մոսկվան սկսել է չվստահել Ալիևին այն բանից հետո, երբ նա խախտել է Սոչիի բանակցություններից մեկ օր առաջ ՆԱՏՕ-ի և Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նախապես ձեռք բերված համաձայնությունները: Դրանից առաջ և հետո Վիքիլիքսի փաստաթղթերից էլ հայտնի է դարձել, որ Ալիևը հայհոյել է Պուտինին և Մեդվեդևին: Որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ երկրի ղեկավար` Ալիևը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Սիրիայի հարցում, սակայն, ակնհայտ է, որ նա չի կարողանում դա անել: Այդ իմաստով, նա բոլորի համար միայն գլխացավանք է դարձել: Նրան այդ վիճակից չեն կարող փրկել նաև Ադրբեջանում գնալով նվազող էներգետիկ պաշարները: Նրանից այլևս ոչ ոք նավթի մասին չի հարցնում: Այդ մասին խոսում է նաև ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որտեղ նա ընդգծել է, որ Ադրբեջանում քաղաքական և կրոնական լարվածության աղբյուրը իշխանության ագրեսիվությունն է: Ադրբեջանի` նման իրավիճակում հայտնվելու պատճառն այն է, որ Իլհամ Ալիևն այլևս անկարող է պահպանել իր ստատուս-քվոն և ոչ էլ յուրաքանչյուրին բավարարող նոր հավասարակշռություն ձևավորելու ուժ ունի», -գրում է «Ազադլիգ»-ը:

No comments: