Sunday, October 21, 2012

Ֆրանսիայի խորհրդարանում սոցիալիստները կաջակցեն Ցեղասպանության օրենքի ընդունմանը

News.am. 21-10-2012- Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF)
պատվիրակությունը` ի դեմս երկու համանախագահների` Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի, հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուին: Ինչպես փոխանցում է «Nouvelles d'Arménie»-ն, հայկական կառույցի ներկայացուցիչները իրենց կամքն են հայտնել Ֆրանսիայում` Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումների համաձայն, մինչեւ վերջ տանել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների երկու համանախագահները նշել են, որ «Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչները անհամբեր սպասում են նախագահի եւ սոցիալիստների կուսակցության խոստումների իրականացմանը»: Բրյունո Լե Ռուն հաստատել է, որ այս հարցում մեծամասնության կամքը չի փոխվել եւ որ նա կհանձնարարի «սոցիալիստների կուսակցությանը տեքստ նախապատրաստել , որը ինչպես կանխամտածվել էր, պետք է ներկայացվի մինչեւ երկրի նախագահի` պաշտոնում գտնվելու առաջին տարվա վերջը»: «Ես ինձ վրա պատասխանատվություն կվերցնեմ, որպեսզի աջակցեմ եւ օգնեմ երկրի նախագահին իր պարտավորությունները կատարելու գործում»,-նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցության առաջնորդը:

No comments: