Thursday, October 25, 2012

Մոսկվայի գերեզմանատանը տեղի է ունեցել լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանի բացումը

News.am. 24-10-2012- Մոսկվայում, Տրոեկուրովի գերեզմանոցում, այսօր՝՝ հոկտեմբերի 24-ին, տեղի
է ունեցել լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի հուշարձանի բացումը: Քանդակի հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակների դափնեկիր, ՌԴ նախագահին առընթեր մշակույթի խորհրդի անդամ Ա. Նովալչուկն է: Արարողությանը մասնակցել են մշակույթի եւ արվեստի գործիչներ, հետախույզի ընկերներն ու հարազատները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Խորհրդային հետախուզության լեգենդ Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում: Նրա հայրը` Անդրեյ Վարդանյանը կապ է ունեցել խորհրդային արտաքին հետախուզության հետ եւ ուղարկվել է արտասահման առաջադրանք կատարելու: Հենց հոր ազդեցության տակ էլ Գեւորգը դարձել է հետախույզ: Գեւորգ Վարդանյանը 1940 թվականին կարողացել է ուղղակի կապ հաստատել Թեհրանում ՆԳ ժողկոմի (НКВД) գործակալական ցանցի հետ: Ռեզիդենտներից մեկի հանձնարարությամբ, Գեւորգը գլխավորել է Թեհրանում ֆաշիստների գործակալական ցանցը բացահայտող հատուկ խումբը: Ընդամենը երկու տարում նրա խումբը կարողացել է բացահայտել 400 մարդու, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել գերմանական հետախուզության հետ: 1942 թվականին «Ամիրը» (սա Գ. Վարդանյանի կեղծանունն էր) ներդրվել է բրիտանական հետախուզության դպրոցում, որը հետախույզներ էր պատրաստում Միջին Ասիայում աշխատելու համար: Վարդանյանի տված տեղեկատվության շնորհիվ, ԽՍՀՄ ողջ տարածքում ներդրված օտարերկրյա գործակալները բացահայտվել ու վնասազերծվել են: Հենց Վարդանյանի գլխավորած խումբն է կարողացել խափանել Թեհրանում «մեծ եռյակի» (Ուինսթոն Չերչիլ, Ֆրանքլին Ռուզվելթ եւ Իոսիֆ Ստալին) դեմ ուղղված մահափորձը, որը նախատեսել էր Հիտլերը 1943-ին: Այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր: Այդ իրադարձությունների հիման վրա նկարահանվել է հայտնի «Թեհրան-1943» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես գալիս Ալեն Դելոնը: Ընդհանուր առմամբ, Վարդանյանը 46 տարի աշխատել է արտերկրում որպես հետախույզ: Նրա իրագործած գործողություններից շատերը մինչ օրս էլ գաղտնի են պահվում: Գեւորգ Վարդանյանը ԽՍՀՄ հերոս է 1984 թվականից, սակայն այդ մասին տեղեկատվությունը ոչ մի տեղ չի հրապարակվել: Նրա անունը գաղտնազերծվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության 80-ամյակի օրը: Նա ամուսնացած է եղել նույնպես հետախույզ Գոհար Վարդանյանի հետ: Նա մահացել է այս տարի` հունվարի 10-ին:

No comments: