Thursday, October 25, 2012

Ահմադինեժադին մեղադրել են պարտականությունների և Սահմանադրության չիմացության մեջ

Tert.am. 25-10-2012- Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլա Սադեկ Լարիջանին չորեքշաբթի հաստատել է որոշումը, որով արգելվում է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մուտքը երկրի բանտերից մեկը, որտեղ պահվում է նրա խորհրդական և իրանական IRNA գործակալության տնօրեն Ալի Ալբար Ջավաֆեքարը: Նախագահին նաև մեղադրել են իր պարտականությունները չիմանալու մեջ, հաղորդում է Associated Press գործակալությունը: Հիշեցնենք, որ կիրակի Իրանի գլխավոր դատախազ Գոլյամհոսեյն Մոխսենի Էժեին հայտարարել էր, որ դատական իշխանություններն արգելել են Ահմադինեժադին այցելել մայրաքաղաքի Էվին արվարձանում գտնվող կալանավայր, բացատրելով, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, և նման տեսակ այցերի համար համապատասխան պահ չէ: Այդ արգելքին ի պատասխան Իրանի նախագահը երկուշաբթի նամակ էր գրել Լարիջանիի անունով, նշելով, որ Սահմանադրության համաձայն նախագահն իր օրինական պարտավորությունների կատարման ընթացքում որևէ նպատակների համար չպետք է թույլտվություն խնդրի դատական իշխանություններից: Գործակալության փոխանցմամբ, Լարիջանին, իր հերթին, ևս առանց մեկնաբանության չի թողել երկրի նախագահի հայտարարությունը: «Նամակը (Ահմադինեժադի – Tert.am) հետևանք է իշխանության երեք թևերի պարտականությունների և պատասխանատվության ոլորտների ոչ հստակ հասկանալու»,- նշել է Իրանի դատական իշխանության ղեկավարը, ով նաև ավելացրել է, որ Ահմադինեժադի հայտարարությունը այն մասին, թե նախագահն իրավունք ունի բանտեր այցելել առանց համապատասխան իշխանության թույլտվության` հակասահմանադրական է: Վեցամսյա ազատազրկման դատապարտված նախագահի խորհրդական Ալի Ակբար Ջավանֆեքարը, ով գտնվում է Էվին բանտում, նման դատավճռի է արժանացել «գերագույն առաջնորդ Ալի Համենեիին վիրավորելու համար»: Միևնույն ժամանակ անհայտ է մնում, թե երբ է խորհրդականը վիրավորել Իրանի գերագույն առաջնորդին:

No comments: