Sunday, October 28, 2012

Գոմեշը կօգնի Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին

«Լրագիր» 27-10-2012- Ժողովուրդ թերթը գրում է, որ «գոմեշի մսի» հայտնի պատմությունից հետո հայոց բանակում բոլորը վախեցած են, քանի որ ով խոսի դրա մասին, կդառնա քննիչների հետաքրքրության առարկա: Հիշեցնենք, որ ներկայում քննություն է ընթանում բանակին գոմեշի մսի մատակարարման գործով, երբ մատակարարվել է անորակ միս, եւ դուրս են գրվել մեծ գումարներ, ահռելի ատկատներ: Հայկական մամուլը բազմիցս նշել է, որ այս գործում ներգրավված են բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը: Նա պաշտոնանկ արվեց հենց այս գործի կապակցությամբ: Նշվում է, որ նա միայնակ չէր կարող այդ ամենն իրականացնել, եւ ըստ ամենայնի «գործին խառն են» նաեւ նախարարն ու գլխավոր շտաբի պետը, ինչպես նաեւ վարչապետը: Նշվում է նաեւ, իբր համապատասխան բարձրաստիճան զինվորականների «սեւ ցուցակը» պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի ձեռքին է: Հայկական բանակն ըստ էության առայժմ ռուսական բանակի ստորաբաժանման կարգավիճակում է, նկատի առնելով թե կառուցվածքն ու ներքին կանոնակարգը, թե սպառազինությունն ու մատակարարումները, թե նաեւ տիրող բարքերը՝ գողությունը, ոչ կանոնադրական հարաբերությունները, ռեկետը: Բանակի բարձրաստիճան սպայակազմը՝ գեներալները, կարելի է ասել, հիմնականում «ռուսական սպաներ» են՝ այդ բարքերի կրողն ու արմատավորողը: Դավիթ Տոնոյանն, իր հերթին, հայկական զինված ուժերում մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների պատասխանատուն է, եւ բավական զգալի աշխատանքներ է տանում հայկական բանակի մոդեռնացման, խորհրդային տիպի ոչ արդյունավետ զինված ուժերի բարեփոխումների ուղղությամբ: Հայկական բանակում թեեւ առայժմ պահպանվում են «ռուսական գեներալների» դիրքերը, սակայն նրանց ազդեցությունն աստիճանաբար թուլանում է: Բանակից այս տիպի գեներալիտետի դուրսմղումը սկսեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ տարբեր պատրվակներով բանակից հեռացվում էին հաստափոր, մինչեւ ուղնուծուծը կոռումպացված, բանակի հաշվին հարստացած գեներալները: Կարելի է հիշել այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ բանակի բարձրաստիճան սպայակազմը Հայաստանում բարեփոխումների հիմնական արգելակներից մեկն է: Այս գործընթացը շարունակվում է նաեւ ներկայում: Եթե Քոչարյանի օրոք, սակայն, նրանց «պատվավոր թոշակի» էին ուղարկում, մատնանշելով նրանց այսպես ասած մարտական անցյալը, ապա ներկայում երեւում է գործի է դրվել հենց կոռուպցիոն սխեմաների բացահայտումը: Հակառակ գործընթացը, սակայն, բավական դանդաղում է, նկատի առնելով այն, որ արեւմտյան առաջատար ռազմական կենտրոններում կրթություն ստացած սպաներին այդքան էլ չեն ընդգրկում զինված ուժերում: Բնականաբար, բանակի բարձրաստիճան «հնաբնակները» չեն ցանկանում զրկվել արտոնություններից ու հսկայական կերակրատաշտից, բացի այդ էլ՝ նրանք մրցունակ չեն այդ երիտասարդների համեմատ, գրեթե պատկերացումներ չունեն ռազմական գործից եւ ժամանակակից իրողություններից, փոխարենը իրենց շատ հարմարավետ են զգում բանակի ներկայիս վիճակի պայմաններում: Հայկական բանակը կարեւորագույն ռազմաքաղաքական գործոն է, եւ դատելով միջազգային զարգացումների տրամաբանությունից ու առաջատար ռազմաքաղաքական կենտրոնների կողմից մեր բանակի հանդեպ հետաքրքրությունից, մոտ ապագայում նրա վրա դրվելու են լրջագույն խնդիրներ, որոնց նշանակությունը չի սահմանափակվելու միայն Հայաստանի սահմանների պաշտպանությամբ: Նման դերը պատվով կատարելու համար,- իսկ հայ զինվորն ընդունակ է դրան,- բանակը պետք է ազատել հին սագագողերից ու նրանց բարքերից, եւ ծառայությունը դարձնել պատվաբեր ու բովանդակալի, պայմանները՝ մարդկային: Հ.Գ. Գոմեշի մսի գործի հետաքննությունը կարծես ընդհատակ է անցել, գտել են ինչ որ սլաքավարի, որին ուզում են քավության նոխազ դարձնել: Հայկ Արամյան

No comments: