Monday, October 1, 2012

Էրդողանն իր կուսակցությունը օրինակելի է համարում բոլոր մուսուլմանների համար

1in.am. 1-10-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օրինակ կարող է դառնալ բոլոր մուսուլմանների համար: Նա այսպիսի հայտարարություն է արել այդ պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ: Նշենք , որ վերջին 10 տարում այս կուսակցությունն է թուրքական քաղաքականության մեջ իրավիճակ թելադրում: Համագումարին հրավիրվածների թվում են եղել Ղրզըզստանի, Եգիպտոսի և Իրաքի Քրդիստանի նախագահները: Արտաքսման մեջ գտնվող պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավար Հալեդ Մաշաալը համագումարում հայտարարել է, որ Էրդողանը «Իսլամի դեմքն» է: «Էրդողան, դու այսօր առաջնորդ ես ոչ միայն Թուրքիայում, այլև մահմեդական աշխարհում»,- հայտարարել է նա` դիմելով թուրքական լիդերին: Ներկայումս Թուրքիայում կառավարող կուսակցությունը սկսած 2002 թ. ընտրություններում հաղթանակ է տարել երեք անգամ` վերջ դնելով ռազմական հեղափոխություններին և կոալիցիոն կառավարությունների անկայունությանը: Այդ ընթացքում Թուրքիայի տնտեսությունը նկատելիորեն աճել է, իսկ արտաքին քաղաքականությունը դարձել ավելի ինքնավստահ` տնտեսական լիբերալիզմը համադրելով կրոնական պահպանողականության հետ: Քննադատները, սակայն, Էրդողանին մեղադրում են առճակատման քաղաքականության համար: Կուսակցական համագումարի ժամանակ նա նշել է. «Մենք մեզ անվանում ենք պահպանողական ժողովրդավարներ: Մենք ջանքերը կենտրոնացրել ենք հիմնական իրավունքների և ազատություների հանդեպ վերաբերմունքի փոփոխության վրա: Այդ քաղաքականությունը դուրս է եկել մեր երկրի սահմաններից և օրինակ դարձել նաև այլ մահմեդական երկրների համար»: Համագումարին ներկա BBC-ի լրագրողը նշում է, որ Էրդողանի ելույթը տևել է երկու ժամ, բայց նա կարող էր խոսել օրվա ամբողջ մնացած հատվածը: Նա առույգ էր և աշխույժ: Լրագրողը նշում է, որ համագումարը ցույց տվեց թուրք վարչապետի քաղաքական ամբիցիաները: Էրդողանի համար բավարար չէ թուրքական կառավարության ղեկավար լինելը, նա ձգտում է դառնալ Մերձավոր Արևելքի առաջնորդներից մեկը, կարծում է բրիտանական լրատվամիջոցի լրագրողը:

No comments: