Tuesday, October 30, 2012

Իրանն ի վիճակի է պաշտպանել սեփական անվտանգությունն ու Պարսից ծոցի կայունությունը. Ահմադինեժադ

Tert.am. 30-10-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Սուդանի ափերի մոտ իրանական
ռազմանավերի տեղակայման կապակցությամբ հայտարարել է, որ իր երկիրը բավականաչափ միջոցներ և հզորություն ունի սեփական անվտանգությունն ու Պարսից ծոցի շրջանում կայունությունն ապահովելու համար։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, նախագահը նաև ասել է, որ «այդ տարածքը մշտապես գտնվում է խիստ հսկողության տակ, և որևէ օտար երկրի ներխուժման տարբերակը բացառվում է»։ «Իրանը երբեք էլ ագրեսոր չի եղել, սակայն միևնույն ժամանակ հիանալի կարողացել է ինքն իրեն պաշտպանել։ Եթե որևէ մեկը կասկածում է, ապա մենք նրան դա կապացուցենք»,- հայտարարել է Ահմադինեժադը։ Հիշեցնենք, որ երեկ Իրանի ռազմածովային ուժերի նավերը մարտական հերթապահության են սկսել Սուդանի ափերի մոտ։ Իրանական ռազմանավերի այցը պատասխան է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած այն խոշոր միջադեպին, որը տեղի էր ունեցել Սուդանի մայրաքաղաքի «Յարմուկ» զենքի գործարանում, որն օդային հարվածի հետևանքով այրվել էր: Կատարվածի համար Սուդանն ու Իրանը մեղադրում են Իսրայելին։ Սուդանի իշխանությունները պնդում են, որ իսրայելական օդուժի կործանիչները, որոնք ենթադրաբար արևելքից էին մոտեցել թիրախին, օդային հարված են հասցրել գործարանին: Մի շարք քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ իսրայելական օդուժն այդ կերպ փորձնական հարվածներ է իրականացնել՝ նախապատրաստվելով Իրանի դեմ պատերազմին։

No comments: