Monday, October 22, 2012

Ի՞նչ են խեղում Կոնգրեսն ու ԲՀԿ-ն

«Լրագիր» 22-10-2012- Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ի հետ համադրմամբ, Կոնգրեսը կարող է լուծել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Հայ ազգային կոնգրեսը Սերժ Սարգսյանի հրաժարականի աներկբա պահանջին ձեռնամուխ եղավ այն բանից հետո, երբ Սարգսյանը կիսատ թողեց սկսված երկխոսությունը եւ նույնիսկ չարձագանքեց զուգարանները բացելու Տեր-Պետրոսյանի «ընկերական խնդրանքին»: Ներկայում տպավորություն է, որ Կոնգրեսը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով պարզապես փորձում է նրանից վրեժխնդիր լինել իր հասցեին, իսկ ավելի շուտ թերեւս` Տեր-Պետրոսյանի հասցեին թույլ տված այդ վիրավորական անտարբերության եւ արհամարհանքի համար: Համենայն դեպս ուշագրավ է, որ Լեւոն Զուրաբյանը խոսում է ոչ թե ԲՀԿ-ի հետ համադրմամբ երկրում համակարգային փոփոխության հասնելու, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու մասին: Սերժ Սարգսյանն իհարկե Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է, ու ներկայում, հաշվի առնելով, որ նա զբաղեցնում է նախագահի պաշտոնը, հանդիսանում է Հայաստանի ներկայիս անմխիթար վիճակի թիվ մեկ պատասխանատուն: Սակայն, երբ ընդդիմադիր ռոմանտիզմը դնում ենք մի կողմ, ապա պարզ երեւում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչ միայն չի նշանակում Հայաստանի զարգացման ճանապարհից արգելակող քարի հեռացում, այլ գրեթե ոչ մի բան չի նշանակում, բացի Հայ ազգային կոնգրեսի կամ ավելի շուտ նրա առաջնորդի ու մերձավոր շրջապատի հոգեկան բավարարվածություն եւ գոնե ինչ որ չափով արժանապատիվ մխիթարություն: Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի զարգացման առումով արդյունավետ կարող է լինել այսպես ասած փաթեթային կոնտեքստում: Այսինքն, կարեւոր է, թե ինչ է լինում այդ հրաժարականից հետո: Նոր ընտրությու՞ն: Իսկ ո՞վ է անցկացնում այդ ընտրությունը, ո՞վ է վերահսկում այդ ընտրությունը: Հայ ազգային կոնգրե՞սը: Իսկ ԲՀԿ-ն թույլ տալի՞ս է Կոնգրեսին անել դա: Կամ, եթե Կոնգրեսը վերահսկի, խանգարելու՞ է ԲՀԿ-ին ձայներ հավաքել տրակտորներով, ակնոցներով եւ ֆինանսական այլ մեխանիզմներով, կամ ասենք կարո՞ղ է Կոնգրեսը որեւէ արգելք դնել Բանգլադեշի Համոյի եւ ԲՀԿ առաջնորդի մերձավոր շրջապատի այլ ահռելի ներկայացուցիչների առաջ, ովքեր համաձայն հենց նույն Կոնգրեսի մի ցուցակի` 2008 թվականի Մարտի 1-ի դերակատարների շարքում են եղել: Երբ այդ հարցերի պատասխանները չկան, երբ այդ մասին ընդհանրապես չի էլ խոսվում, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականը դառնում է ոչ թե իրավիճակի զարգացման գրավական, այլ պարզապես սպառնում է պետությունը վերածել մի քանի անձանց անձնական հավակնությունների, փառասիրության եւ զանազան այլ բարդույթների պատանդի: Ավելի շուտ, պետությունն արդեն իսկ այդ ամենի պատանդն է 20 տարի: Պարզապես այդ ամենը կշարունակվի նոր ստատուս-քվոյի պայմաններում, որտեղ առաջնային դերակատարը կլինի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Իրավիճակը բավական նուրբ է: Առաջին հայացքից կթվա տարօրինակ, բայց երկրի հետագա ճակատագրի համար շատ ավելի վտանգավոր են դառնում նրանք, ովքեր «իշխանափոխության» համար են դաշնակցում, քան նրանք, ովքեր ներկայում իշխանության են: Մինչդեռ Հայաստանում առկա տնտեսական, քաղաքական եւ հասարակական համակարգերն ամբողջության մեջ, նախորդ երկու տասնամյակների կոնտեքստում դիտարկելու պարագայում պարզ է դառնում, որ տարօրինակ քիչ բան կա այդ ամենում: Խնդիրն այն է, որ Հայաստանում, խոշոր հաշվով, երկու անգամ նախագահ է հեռացել, բայց իրավիճակը դրանից ոչ միայն չի փոխվել, այլ նույնիսկ շարունակել է իր զարգացման կուռ տրամաբանությունը: Այսինքն Ռոբերտ Քոչարյանը զարգացրել է այն, ինչ ցանել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ փաստացի հնձում է այն, ինչ ցանել էր Տեր-Պետրոսյանն ու զարգացրել Ռոբերտ Քոչարյանը: Ու այդ ամենը հուշում է, գրեթե աքսիոմատիկ ուժով, որ արդեն կարեւոր է դառնում ոչ թե հեռանալու կամ հեռացնելու խնդիրը, այլ այն, թե ինչ է հաջորդելու դրան: Եվ այդ իմաստով, Կոնգրես-ԲՀԿ ներկայիս գործակցությունը կամ դրա մասին քողարկված կամ բացահայտ հնչող քարոզները պարզապես խեղում են Հայաստանում «հաջորդի» մասին պատկերացումները, եւ հենց դրանով են դառնում ավելի վտանգավոր: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: