Thursday, October 25, 2012

Այդ խորամանկ Նալբանդյանը

«Լրագիր» 25-10-2012- Հիմա պարզ է, թե ամբողջ ամառ ինչ էր անում Էդվարդ Նալբանդյանը Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում եւ Նոր Զելանդիայում: Նա պտտվում էր Ավստրալիայի կողքերը, որպեսզի լուծեր Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Իսկ Ավստրալիա չէր մտնում, որպեսզի ադրբեջանցիները գլխի չընկնեին, թե չէ կարող էին խառնվել իրենց նավթադոլարներով եւ փչացնել գործը: Ավստրալիայի նահանգի ճանաչումից հետո, այլեւս ոչ ոք չի կարող Էդվարդ Նալբանդյանին մեղադրել, թե գործ չի անում: Ավելին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թերեւս ընդհանրապես չի կարող խոսել: Մի քանի օր առաջ նա հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառումով, որտեղ Հայաստանի իշխանությանը հորդորել էր Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումից անցնել անկախության միջազգային ճանաչման քաղաքականության: Դրանից անցել էր երկու օր, եւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչում է Ղարաբաղի անկախությունը եւ Ավստրալիայի կենտրոնական իշխանությանն էլ խորհուրդ տալիս անել նույնը: Հիմա Էդվարդ Նալբանդյանը Օսկանյանին եւ իր մյուս ընդդիմախոսներին կասի, որ ավելի լավ կանեն իրենց գործերով զբաղվեն եւ իրեն ցուցումներ ու խորհուրդներ չտան: «Ահա, տեսա՞ք ես ինչով էի զբաղված Ինդոնեզիայում եւ Նոր Զելանդիայում, երբ ադրբեջանցիները Սաֆարովին տուն էին տանում», կասի Նալբանդյանը: Չէ որ Օսկանյանը եւ հանրությունը նրան մեղադրում էին այդ երկրներ աննպատակ այցերի համար, որոնք տեղի էին ունենում այն ժամանակաշրջանում, երբ Հունգարիան ու Ադրբեջանը ավարտին էին հասցնում սաֆարովյան գործարքը: Նալբանդյանը փաստորեն այդ ժամանակ ավարտին էր հասցնում ԼՂՀ միջազգային ճանաչման թեկուզ առայժմ փոքր, բայց կարծես թե առաջին եւ կարեւոր ակտը: Ավելին, Էդվարդ Նալբանդյանը կարող է ասել, որ դիտավորյալ չէին միջամտել Սաֆարովի գործին, որպեսզի Ադրբեջանը չշեղվի, զբաղվի դրանով եւ չերեւա Ավստրալիայի կողմերը: Էդվարդ Նալբանդյանը սաֆարովյան գործից հետո հայտարարում էր, որ Հայաստանի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել, եւ դա տարիների աշխատանքի արդյունք է: Փաստորեն նա կարծես թե ակնարկում էր, որ Հայաստանը նույնիսկ նպաստել է, որ Ադրբեջանը եւ Հունգարիան կատարեն սխալը եւ հայտնվեն ոչ բարենպաստ վիճակում, կամ Հայաստանին անբարենպաստ վիճակում դնեն: Փաստորեն Նալբանդյանը հմուտ արտաքին քաղաքականությամբ կարողացել է երկու նապաստակ խփել` Ադրբեջանին դնել վատ վիճակում Սաֆարովի գործով, իսկ Ավստրալիայում էլ ճանաչել տալ Ղարաբաղի անկախությունը: Այնպես որ, երեւի թե պետք չէ զարմանալ կամ տարակուսել, թե ինչու է մեր արտգործնախարարը Կոնգո, կամ Գվատեմալա թռչում: Եթե նալբանդյանը Կոնգոյում է, ուրեմն պետք է թերեւս սպասել, որ շուտով Ղարաբաղի անկախությունը կճանաչեն ասենք Ուգանդայում, որը Կոնգոյի հարեւանությամբ է: Հայաստանի արտգործնախարարի այցերն իրականում պետք է դիտարկել այդ տեսանկյունից: Այսինքն դրանք թշնամիներին, հակառակորդներին շեղող նշանակություն ունեն: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: