Tuesday, October 16, 2012

Ա.Լևոնյան. Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց կա, բայց պետք է, որ ավելին արվեր

«Panorama.am», 16.10.2012: «Այո, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց կա, բայց պետք է, որ ավելին արվեր: Թեև հասկանում եմ, ամեն կազմակերպություն հնարավորինս անում է իր լիազորությունների շրջանակում ու սխալ է կարծիքը, թե` ի՞նչ է որ, արեք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց UNICEF-ի Բարի Կամքի Դեսպան Ալլա Լևոնյանը, ով ևս ներկա էր այսօր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցի շնորհանդեսին: Նրա կարծիքով ամենամեծ խնդիրը հասարակության իրազեկումն է ու կարծրատիպերի վերացումը հենց այդ ճանապարհով: Օրինակ, մատնանշելով զեկույցում բարձրաձայնած այն տվյալները` ըստ որոնց հաշմանդամ երեխաները իրենք են հրաժարվում դպրոց այցելել, Ա.Լևոնյանը նշեց, որ նախևառաջ դա գալիս է ծնողից` վերջիններս վախենում են, որ իրենց երեխաները ծաղրուծանակի կենթարկվեն ու դրա համար զրկում են երեխային կրթության իրավունքից. «Ինչպե՞ս մեզ մոտ սովորաբար լինում, ինչ-որ երգ, որ ոչ հայկական է, ոչ նորմալ տեքստ ունի և այլն այնքան շատ են սկսում ցույց տալ, որ մարդիկ ժամանակի ընթացքում սիրոմ են այն: Այնպես էր այս խնդիրների դեպքում պետք է լինի` այս մասին պետք է շատ խոսվի ու շատ ցուցադրվի, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն դա հասկանալու ու ընկալելու: Ես միշտ ասում եմ, անգամ եթե շատ աշխատանք է տարվում, բայց դա տեսանելի չէ, դրա մասին քիչ է խոսվում, ապա այդ մասին հասարակության մոտ շուտ չի արմատավորվի»,- նշեց Ա.Լևոնյանը: «Իսկ քանի որ հայը իր էությամբ ու բնույթով հասնող ու խղճով է»,- շարունակեց նա,-«ապա հասարակությունը ճիշտ իրազեկմանը ոչ միայն պատրաստ է, այլև կարոտ է դրան»: Անդրադառնալով մանկատներին, ուր նա իր լիազորությունների շրջանակում շատ է լինում, Ա.Լևոնյանը նշեց, որ մանկատները իրենց գոյությամբ չեն օգնում երեխաներին, շատ դեպքերում, հակառակը, վնասում են: «Մենք ունենք դեպքեր, երբ անգամ միակողմանի ծնողազուրկ երեխաներն են հայտնվում մանկատներում: Հասկանում եմ, որ ծանր պայմաններն են դրան նպաստում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ ավելի ծանր պայմաններում է հայ ազգը գոյատևել… հային հարիր չէ երեխային տալ մանկատուն»,- ընդգծեց նա: Իսկ մանկատների գոյությունը պետք է լինի խիստ անհրաժեշտության շրջանակում. «Իսպառ այդ հաստատությունները վերացնել, իհարկե, հնարավոր չէ, բայց կարելի է դրանց թիվը հասցնել նվազագույնի և ողջ հանրապետությունում ունենալ ասենք երկու մանկատուն»,- նշեց նա` հավելելով, որ մանկատներում հայտնվում են նաև այն երեխաները, որոնց ծնողը ոչ թե սոցիալական ծանր պայմաններից դրդված է ստիպված տանում մանկատուն, այլ ուղղակի երեխան նրանց խանգարում է` ապօրինի ծնունդ է և այլն: Այդ իսկ պատճառով, համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը, թե օրենսդրական դաշտը պետք է կարգավորվի ու թե մեխանիզմները հստակեցվեն, որոնք միտված կլինեն անցանկալի այդ երևույթների կանխարգելմանն ու նվազմանը: Ինչ վերաբերում է հարցի այն կողմին, որ մանկատները մեծամասամբ ոչ այնքան իրենց բուն նպատակին են ծառայում, որքան հանդիսանում լավ միջավայր որոշ անհատների հարստահարման համար, ինչն էլ շատ դեպքերում դանդաղեցնում է դրանց փակման գործընթացը, Ա.Լևոնյանը նախ ընդգծեց, որ խորքային ծանոթ չէ այդ խնդրին, սակայն կարծիք հայտնեց, որ դա հեռու չէ իրականությունից. «Կարծում եմ նման բան կա, բայց փաստերի, իհարկե, չեմ տիրապետում: Ամեն տեղ էլ կա շահը` սիրո, վերաբերմունքի հետ մեկտեղ»,- հավելեց նա:

No comments: