Wednesday, October 17, 2012

Ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ. Ի՞նչ կապ կա թեկնածուների հիշողության ու ԱՄՆ նախագահի աթոռի միջև

«PanARMENIAN.Net», 16.10.2012: - Հավանաբար, ԱՄՆ հայ համայնքը վերջապես համոզվեց, որ պետք չէ հավատալ ԱՄՆ նախագահության թեկնածուների նախընտրական խոստումներին: Դրա ապացույցն է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) վերջին հայտարարությունը, որի համաձայն ոչ գործող նախագահ Օբաման, ոչ նախագահության թեկնածու Միթ Ռոմնին չեն օգտվի ԱՄՆ հայ համայնքի պաշտոնական աջակցությունից նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում: «Ոչ Օբաման, որը չկատարեց իր բազում խոստումները Հայկական հարցի վերաբերյալ, ոչ Միթ Ռոմնին, որը լինելով Մասաչուսեթսի նահանգապետը, աչքի չեն ընկել հայերին հուզող հարցերին աջակցելու գործում, և չեն արժանանա ԱՄՆ հայ համայնքի աջակցությանը»,-հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: Այն, որ Սպիտակ տան տերերը չեն կատարում իրենց նախընտրական խոստումները, որ տալիս են հայ համայնքին, արդեն տխուր ավանդույթ է դարձել: Մի փոքր ազատություն տալով մեզ, ենթադրենք, որ գլխուղեղի հիշողության համար պատասխանատու հատվածի և Օվալաձև աշխատասենյակում գտնվող նախագահական աթոռի միջև ինչ-որ կապ կա: Միանգամայն որոշակի կապ, որը կոչվում է թեկնածության ժամանակ ձայներ վաստակելու մոլուցք և արդեն նախագահության ժամանակ թուրքական դուդուկի տակ պարելու պատրաստակամություն: Վերջին երկու նախագահներից երկուսն էլ դրժեցին խոստումը: Ջորջ Բուշ-կրտսերը խոստացավ վերականգնել արդարությունը, սակայն, իշխանության գալով, դեմ էր «ցեղասպանություն» եզրույթին և վարում էր հայ համայնքի շահերին ու սեփական խոստումներին հակասող քաղաքականություն: Նրա հետնորդը՝ Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահի թեկնածու, եռանդորեն խոստանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ անցնի Սպիտակ տան շեմը: Տեղափոխվելով Փենսիլվանիա-ավենյու, 1600՝ Օբաման բարեհաջող կերպով «մոռացավ» խոստումը: Դեռ ընթացիկ տարվա ապրիլին, հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձից հետո, երբ Օբաման կրկին դիվանագիտորեն խուսափեց «ցեղասպանություն» բառն արտասանելուց, սահմանափակվելով նրա հայերեն «Մեծ Եղեռն» համարժեքով, Քեն Խաչիկյանը հայտարարեց, որ Օբամայի բոլոր նախընտրական խոստումներն այսօր ուղղակի որպես սուտ են ընկալվում: Եվ նման հանդիպումը հնարավորություն կտա անձամբ հայտնել ԱՄն նախագահին բոլոր կուտկաված ցավոտ հարցերը: Ավելի ուշ, օգոստոսի 16-ին Քեն Խաչիկյանը Օբամային նամակ գրեց՝ հորդորելով վերջինիս «այնուամենայնիվ ժամանակ գտնել» ԱՄՆ հայ համայնքի առաջնորդների հետ հանդիպելու համար: Դեռ 2008թ. իր նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոստացավ «ակտիվորեն» համագործակցել հայ համայնքի հետ ամերիկահայերին հուզող բոլոր հարցերի շուրջ»: Սակայն, նախագահն այդպես էլ «ժամանակ չգտավ» համայանքի հետ հանդիպելու համար: Դե, իսկ Միթ Ռոմնին ոչ մի կերպ չի դրսևորել իրեն հայերին հետաքրքրող ոլորտում, ուստի նրա խոսքին հավատալու ոչ մի պատճառ հայ համայնքը չունի: Միևնույն ժամանակ ANCA հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ապագա նախագահի հետ, ինչպես նաև ԱԱԽ և Պետդեպարտամենտի հետ ԱՄՆ հայերին հուզող հարցերի շուրջ: Հավանաբար, ԱՄՆ հայ համայնքի հիասթափությունը գագաթնակետին է հասել, որից խուսափելու համար, նա որոշել է ղեկավարվել կապրենք՝ կտեսնենք սկզբունքով:

No comments: