Thursday, October 4, 2012

Երեւանում հայ-թուրքական գործարար համաժողով է կայանալու

News.am. 4-10-2012- Հոկտեմբերի 5-6-ը Երեւանի Անի Պլազա հյուրանոցում կայանալու է համաժողով հայ եւ թուրք գործարարների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ), Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) հետ համատեղ կազմված կոնսորցիումի կողմից: Համաժողովը, որի համաֆինանսավորողն է նաեւ Մարշալի գերմանական հիմնադրամի Սեւծովյան վստահություն հանուն տարածաշրջանային համագործակցության ծրագիրը, կմեկնարկի հոկտեմբերի 5-ին` ժամը 09:30-ին: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը հրավիրել է Թուրքիայի արեւելյան շրջաններից ավելի քան հիսուն գործարարների, որոնք ներկայացնում են տարատեսակ գործարար ոլորտներ, այդ թվում` թեթեւ արդյունաբերություն, շինարարություն, ռեստորանային բիզնես, առողջապահություն, նավթարդյունաբերություն, ոսկերչություն եւ առեւտուր: Միջոցառմանը մասնակցելու են նաեւ Հայաստանի տարբեր գործարար ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց թուրք գործընկերների հետ հանդիպման ժամանակ կքննարկեն գործարար համագործակցության հնարավորությունները: Համաժողովին հրավիրվել են բանախոսներ, ովքեր կխոսեն Հայաստանի եւ Թուրքիայի գործարար հարաբերությունների ներկայիս իրավիճակի, վերջինիս հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաեւ երկկողմ գործարար համագործակցությանն առնչվող հաջողված պատմությունների մասին: Համաժողովի բաղկացուցիչ մասը կկազմի պատմաբան, գրող եւ հրապարակախոս Խաչատուր Դադայանի հեղինակած Հայոց առեւտրատնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում XVդ. - 1915թ. փաստերի ժողովածուի ներկայացումը: ԱՄՆ ՄԶԳ-ն եւ կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների եւ պրոֆեսիոնալների ցանցեր եւ զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաեւ սատարում են երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման ձեւավորունը եւ խորացումը՝ տարածաշրջանում խաղաղության եւ տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:

No comments: