Thursday, October 4, 2012

ՀՀԿ-ն զգուշացնում է Սերժ Սարգսյանին

1in.am. 4-10-2012- Հանրապետականը չհավատաց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ նա արեց Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա Քոչարյանի ձեռագիրը չէ, բնավորությունը չէ, լեքսիկոնը չէ, գուցե նաև կհայտարարեր, որ ձայնը չէ, եթե Քոչարյանն աներ աուդիոհայտարարություն: ՀՀԿ խոսնակ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ինքը չի շփվել Քոչարյանի հետ, բայց իր ավագ ընկեր Սահակյանը շփվել է և լավ գիտե նրան: Այսինքն` Շարմազանովը ասաց, որ եթե Գալուստ Սահակյանն ասում է, որ ուրեմն այդպես է և դա ընդունում է, առնվազն տվյալ դեպքում, ամբողջ Հանրապետականը: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հավատում Քոչարյանի հայտարարությանը: Ի՞նչ է դա նշանակում: Ի՞նչ է ուզում ասել Գալուստ Սահակյանն իր անհավատությամբ: Սա հասկանալու համար պետք է փորձենք դիտարկել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը: Ակնհայտորեն երևում է, որ Քոչարյանն այդ հայտարարության մեջ ունենալով Սերժ Սարգսյանին հարվածելու լավ հնարավորություն, առիթ, հիմքեր, չի անում այդ բանը և սլաքն ուղղում է ընդամենը խորհրդարանականների կողմը: Այստեղ երկու ասպեկտ կա, որոնցով պայմանավորվում է ՀՀԿ արձագանքը: Նախ` ՀՀԿ-ն, փաստորեն, հայտնվում է Ռոբերտ Քոչարյանի գլխավոր թիրախի դերում և այստեղ բնական է, որ հանրապետականների մոտ մտավախություն է առաջանում, որ կարող են գուցե դառնալ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր պայմանավորվածության զոհը: ՀՀԿ-ն երևի թե այդպիսի վտանգ է տեսնում, որ ահել ու ջահել փորձում են թերահավատություն հայտնել այդ կապակցությամբ` զգալու համար պատասխան արձագանքը և դրանից հետևություններ անելու համար: Մյուս ասպեկտն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը իր հայտարարության մեջ խնայելով Սերժ Սարգսյանին, նրան միգուցե ներկայացնում է հենց այդ առաջարկը՝ պայմանավորվել ՀՀԿ խմբակցության վրա և պարզապես այդ խմբակցությունը դարձնել ներկայիս ժամանակահատվածի զոհը, քանի որ երկուսն էլ, թերևս, հասկանում են, որ առանց «զոհ» տալու՝ խոշոր «զոհ» տալու, համակարգը այս վիճակից դուրս չի գալու և է՛լ ավելի ծանր կացության առջև է հայտնվելու նոր ժամանակաշրջանում, նոր իրողությունների պայմաններում: «Մեզանից մեկը զոհ լինելու փոխարեն, ավելի լավ է զոհենք ՀՀԿ խմբակցությունն ու վերջացնենք»` գուցե Սերժ Սարգսյանին առաջարկում է Ռոբերտ Քոչարյանը: Որոշակի դասավորության պարագայում Սերժ Սարգսյանի համար այդ առաջարկը կարող է ընդունելի լինել, երբ դրա շնորհիվ կձևավորվի նոր իրավիճակ և, ըստ էության, հնարավոր կլինի արդեն հարաբերականորեն լիցքաթափված պայմաններում նստել և պայմանավորվել խաղի նոր կանոնների շուրջ, իհարկե` իշխող համակարգի շրջանակում: Հանրապետական մեծամասնության համար այդ առաջարկը, բնականաբար, դառնում է շատ վտանգավոր, հատկապես այն դեպքում, որ ՀՀԿ-ականները իրենք էլ հասկանում են, որ այն կարող է լինել բավական իրատեսական: Այս դեպքում ՀՀԿ մեծամասնությունը, որ տարիներ շարունակ հանդիսացել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հենարանը, կարծես թե որևէ անելիք այլևս չունի, քանի որ միշտ ինքնապահպանման հարցը լուծել է կուսակցությամբ հանդերձ այս կամ այն ուժեղ դեմքին ծախվելով, իսկ երբ այլևս գնորդ ուժեղ դեմք չկա, ՀՀԿ-ն անելիք չունի: Ներկայումս, Գալուստ Սահակյանն իր անհավատությամբ փորձում է Սերժ Սարգսյանին համոզել, որ իրականում Ռոբերտ Քոչարյանը ոչ թե համագործակցության առաջարկ է անում նրան, այլ պարզապես ծուղակ է պատրաստել, երբ կբթացնի Սերժ Սարգսյանի զգոնությունն ու կհարվածի ԲՀԿ-ով, երբ Սարգսյանը Քոչարյանի ծուղակն ընկած փչացրած կլինի հարաբերությունը իրենց հետ: Սերժ Սարգսյանին ուզում են համոզել, որ նա էլ հանկարծ չհավատա Քոչարյանի մեղմությանը և դառնա նրա նենգության զոհ: Գալուստ Սահակյանը հենց դրա մասին է խոսում, երբ հայտնում է, թե տեքստը համահունչ չէ Քոչարյանի բնավորությանը: Իհարկե, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին Գալուստ Սահակյանից էլ ավելի վաղ և գուցե ավելի լավ է ճանաչում և այդ առումով Սահակյանի խորհրդատվության կարիքը, թերևս, չի ունենա: Այստեղ, սակայն, էականն իհարկե ՀՀԿ դիրքորոշումն է, որը բավական հատկանշական է: Այդ դիրքորոշումը վկայում է, որ Հայաստանում ներիշխանական պրոցեսները ընթանում են շատ ավելի լայն թափով, քան հնարավոր է պատկերացնել, և դրանցում ոչ միայն ԲՀԿ-ի գլխին են ամպեր կուտակված, այլ նաև ՀՀԿ-ի:

No comments: