Wednesday, August 17, 2011

Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ վերցված թմրամոլների թվաքանակն աճել է

News.am. 17-8-2011- 2010 թվականի 12 ամիսների ընթացքում Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է վերցվել 912 թմրամոլ, այն դեպքում, երբ 2009 թվականին նրանց թիվը կազմել է 676 մարդ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հատարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալական ոլորտի վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը։
Ինչ վերաբերում է թմրամոլության՝ առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ մարդկանց թվաքանակին, ապա 2009 թվականի 200 հոգու դիմաց 2010-ին դիսպանսեր վերահսկողության տակ է վերցվել նման 235 մարդ։
Նշենք, որ ինչպես ամիսներ առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Նարկոլոգիական դիսպանսերի տնօրեն Պետրոս Սեմերջյանը, 2010-ին նարկոլոգիական դիսպանսեր դիմած թմրամոլների թիվը 2009-ի համեմատ ավելացել է 30 տոկոսով։ Նա նկատել էր, որ հասարակությունում թմրամոլների թիվը չի ավելացել, եւ այս ցուցանիշի աճը պայմանավորված է հիվանդների դիմելիության ակտիվությամբ:
Հիշեցնենք, որ թմրանյութերից կախվածության բուժումը Հայաստանի քաղաքացիների համար իրականացվում է պետպատվերի շրջանակներում, վճարովի է բուժման միայն մեկ՝ ուլտրա ռապիդ մեթոդը` 700-800 հազար դրամ: Բուժման այս մեթոդը հնարավորություն է տալիս թմրամիջոցներից կախվածությունը բուժել 24 ժամվա ընթացքում։

No comments: