Sunday, October 28, 2012

Թե ինչու ԱՄՆ նախագահի թեկնածուները գոնե խաբելու համար չհանդիպեցին հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ. քաղաքագետ

Tert.am. 27-10-2012- Բոլոր տվյալները խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններին Բարաք Օբաման կվերընտրվի, բայց եզրագծի վրա՝ հազիվ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք արտահայտեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, մեզ համար ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է, և, այս դեպքում, դեմոկրատների հաղթանակը վատ տարբերակն է: Հենց այս ֆոնի վրա էլ նա վերլուծեց Հայկական հարցը և հիշեցրեց, որ հանրապետական և դեմոկրատ թեկնածուները չեն ցանկացել հանդիպել հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ: «Գոնե խաբելու համար ինչո՞ւ չհանդիպեցին»,- հարց ուղղեց քաղաքագետը և ինքն էլ պատասխանեց իր հարցադրմանը: «Առաջինը` դա կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, և ցանկացածը, ով էլ կհաղթի, Հայկական հարցով որևէ պարտավորություն չի ուզում վերցնել իր վրա»,- ասաց նա: Միաժամանակ նա նշեց, որ դա չի նշանակում, որ երբևէ այդ հարցին վերջիններս չեն անդրադառնա: «Չհանդիպեցին նաև այն պատճառով, որպեսզի չունենան Թուրքիայի վրա պարտավորություն և միաժամանակ զսպելու լծակներից չզրկեն, այսինքն՝ զսպում են նաև Թուրքիայի ախորժակները դեպի Արևելք՝ այդ թվում նաև Հայաստան ծավալելու համար»,- ասաց նա: Ըստ Լևոն Շիրինյանի, 1990թ.-ից հետո Հայաստանի քաղաքական էլիտան տանուլ տվեց՝ Հայաստանի Հանրապետությունը դեմոկրատիայի կղզյակ տեսնելու ԱՄՆ-ի ցանկության մեջ: «Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավը շատ էր հակված տեսնել Հայաստանը որպես ժողովրդավարության կղզյակ, քանի որ ժողովրդական հակվածություն կար, ինչպես նաև հաշվի էր առնում սփյուռքի ներուժը տեսնելով, մինչդեռ մենք հապաղեցինք, իսկ այդ աթոռին նստեցին վրացիները»,- ասաց նա: Քաղաքագետը Հայ դատի տեսանկյունից երկու առաջարկ ուներ: Ըստ նրա՝ Միացյալ Նահանգների հասարակությունը աստվածասեր է, ուստի, նրա պնդմամբ, հայկական կողմը պետք է աշխատի քրիստոնեական այդ զանգվածի ուղղությամբ, և երկրորդ՝ այն հայերի, ովքեր այլևս հայերեն չեն խոսում: «Այդ զանգվածը հետ բերել է պետք, ամաչելու բան չկա, հրեաներից կարող ենք ընդօրինակել, որոնց համար կապ չունի ինչ լեզվով են խոսում»,- ասաց նա: Բացի այդ, բանախոսը նկատում է, որ դեմոկրատները Ռուսաստանին չեն դիտում որպես իրենց առաջին թշնամի և Իրանի հետ էլ դաժան վերաբերմունք չունեն: Եվ այս հարցում Հայաստանը կարող է երկու քարի արանքում հայտնվելուց խուսափել: Քաղաքագետը նաև խորհուրդ տվեց, որ Հայաստանը ԱՄՆ քաղաքական համակարգից վերցնի Ազգային անվտանգության խորհրդի արդյունավետությունը. «Վերլուծական, կանխատեսման գործոնը խիստ պետք է բարձրացվի՝ ինչպես ԱՄՆ-ում, իսկ այդ կառույցի ղեկավարը կուսակցականացված մարդ չպետք է լինի: Չեզոք մարմին պետք է սպասարկի պետությանը, հակառակ դեպքում՝ տանուլ կտանք»,- ասաց նա: Քաղաքագետի համոզմամբ, քանի որ դեմոկրատները հաղթելու են, ուստի նա առաջարկեց ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի արձանը տեղադրել Հայաստանում՝ Ամերիկյան համալսարանի առաջ: «Հայաստանը բոլշևիկների արձաններով լի է, որոնք հայկականությունը վերացնում էին, մինչդեռ Վիլսոնը մի մարդ է, ով մինչև վերջին հնարավորությունը օգտագործեց հօգուտ Հայ դատի»,- ասաց նա:

No comments: