Sunday, October 28, 2012

Էս սարերը մերն են, ուրեմն մենք անհաղթ ենք…

HayNews.am. 27-10-2012- Հերթական անգամ վերադարձա Արցախից, ինչպես միշտ` «ռազմական» գործուղում, իսկ ուղղությունը` Մարտունի: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն էր: Նախապես ասված էր` երկու օր զինվորի կողքին, «զինվորի կյանքով»: Ինձ հետ միասին Արցախ էր մեկնել մոտ երկու տասնյակ լրագրող` մեծամասնությունն իգական սեռի ներկայացուցիչներ: Մեկնողների շարքում բանակի նկատմամբ «սրտացավ» վերաբերմունք ունեցող լրագրողներից և ոչ մեկ չկար, մինչդեռ հրավերը «ընտրյալների» համար չէր միայն: Բարկանում եմ… ախր, մի անգամ դիմացը չեք կանգնել և «աչքերի» մեջ նայել, բայց թիկունքում բամբասում եք: Երբ մանուկ էր ու նոր էր քայլել սովորում` քանի անգամ եք ձեռքը բռնել, երբ ընկել է, չափահաս դարձավ` քանի անգամ եք խրատել «հայրաբար»... Ինչևէ, ավելի քան 10 ժամ հետո հասանք Մարտունի: Նախքան կտեղավորվեինք, այստեղ տեղակայված զորամասի հրամանատարությունը հարկ համարեց հիշեցնել, թե ինչ է արել Մոնթեն` իրենց Ավոն այս շրջանի համար` 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնելով Մարտունու շրջանի շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Կարճ ժամանակում նա շահեց նաև բնակչության սերն ու հարգանքը` իր անկեղծությամբ ու մաքրությամբ և այսօր պատահական չէ, որ Մարտունին «շնչում» է Ավոյով: Զորամասի հրամանատարը վստահեցնում է, որ պահում են Մոնթեի բոլոր ավանդույթներն ու սկզբունքները: Կարճ զրույցից հետո, լսելու հերթը սպաներինն ու զինվորներինն էր: ՀՀ Պնախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հարց ու պատասխանի միջոցով փորձում է հասկանալ զինվորների շրջանում առկա տրամադրությունները, հայոց պատմության իմացությունն ու ռազմագիտական գիտելիքները: Մոտ մեկ ժամ տևած հանդիպմանը զինվորները մի կարևոր բան պարզեցին, այն է` Ադրբեջանի պարծանք «Իստիգլալը» Հարավաֆրիկյան հանրապետությունում արտադրվող զենքի նմանատիպն է, որը լիցենզիա չունի, այլ կերպ ասած` գողացված է: Բացի այս «Իստիգլալն» ունի մի շարք թերություններ. դիպուկահար զենքը չի կարող իդեալական համարվել, եթե նա ավտոմատ կամ կիսաավտոմատ է, այս պարագայում նշանառության հետ կապված լուրջ խնդիրներ են ծագում: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական «արտադրության» «Իստիգլալ» «գերհզոր» զենքի ծագման վերաբերյալ տեսանյութ կպատրաստի և կտրամադրի զորամասերին: Իսկ մինչ այդ հիշեցում. «Յուրաքանչյուրիդ պետությունը մի հատված է տվել, որին պետք է տեր կանգնեք»: Զինվորները լուռ ընդունում են ասվածը, իսկ երբ հարց է տրվում, թե ի ՞նչ է բանակային ընկերությունը, զինվորներից մեկը ոտքի է կանգնում և ասում. «Դա այն է, ինչը բառերով չես կարող ասել»: Զինվորների սակավախոսությունը տպավորություն է ստեղծում, թե կաշկանդված են, որին ի պատասխան զորամասի հրամանատարն արձագանքում է .«Իմ զինվորները հեչ էլ կաշկանդված չեն, դուք իրանց առանձին խոսացրեք, տեսեք կաշկանդվա՞ծ են, ձեր հոգին էնքան ուտե~ն»: Ավելի ուշ համոզվում եմ: Աշտարակից Արցախ զորակոչված Արտակը շուտով կզորացրվի, վստահեցնում է, որ առանց վեճի հնարավոր է լուծել բանակում ծագած խնդիրները: Ասում է, որ մայրն իրեն չի ճանաչի` փոխվել է շատ. «Ես հիմա ավելի հասուն եմ դարձել, հասուն եմ մտածում, աշխատասեր չէի, իսկ հիմա բանակից տուն եմ գնալու ընդգծված աշխատասիրությամբ: Մայրս կուրախանա: Ես շուտով զորացրվելու եմ և ուզում եմ ասել, որ հակառակորդից չպետք է վախենալ, ընդամենը զգուշանալ է պետք և անվտանգության կանոնները պահպանել»: Զինվորների հետ նույն ճաշարանում ընթրիքից հետո ևս մի քանի զրույց և զինվորները հրաժեշտ են տալիս.«20 րոպե մնաց, պիտի գնանք քնելու»: Իմ «բանակային» առաջին օրվա ավարտն էլ տրվեց. հաջորդ օրը պիտի բարձրանայինք դիրքեր և հանգստանալ էր պետք: Լուսացրեցի գրեթե արթուն, իսկ արդեն ժամեր անց մեկնեցի առաջնագիծ: Զորամասի հրամանատարն ինձ տեսնելով զինվորական համազգեստով և մարտական կեցվածքով ասաց. «Դու արի ինձ հետ, գնալու ենք ամենահեռու և ամենավտանգավոր տեղերից մեկը, մի քանի հարյուր մետր պիտի ոտքով գնանք»: Ոգևորված նստեցի հրամանատարի մեքենան և շարժվեցինք: Ճանապարհին հրամանատարը ծանոթացնում էր. «Սա այս դիրքն է, սա մյուսը, կոչվում է … Այստեղ զոհվել է ընկերս, այստեղ մեր մյուս տղեն…» ու հպարտությունս ու պատասխանատվությունս կրկնապատկվում էր: Հասանք տեղ, եղանք մարտական մի քանի հենակետում: Վերջին հատվածից հակառակորդը 100 մետր հեռավորության վրա էր գտնվում: 2 ամիս առաջ պատասխան կրակի հետևանքով ադրբեջանցի զինվոր էր ոչնչացվել: Գումարտակի հրամանատարի տեղակալը հիշեցնում է.«Մենք պատասխանում ենք միայն նպատակային կրակոցներին»: Բարդ փորձություն հաղթահարեցի. «զբոսանք» 500 մետրից ավելի խրամատատարածքում` ծանր զրահաբաճկոնով և սաղավարտով, բայց այն, ինչ տեսա և լսեցի արժեր, որ նայեի այս փորձության «աչքերին»: Հրամանատարի հետ զրուցում էի, երբ ականջիս մի խոսակցություն լսվեց.«Սպասի քրտինքդ սրբեմ ախպերս, նստի հանգստացի, հոգնեցիր»: Գնացի այդ ձայնի ուղղությամբ. զինվորներից Վահան Խաչատրյանը ջուր էր բերել ընկերների համար, քրտինքը հոսում էր աչքերից ու երեսից: «Մի տեղ հաց ենք ուտում, մի տեղ քնում ենք, ոնց որ ախպերներ լինենք, շատ հարազատ ենք իրար: Ես Երևանից եմ եկել և ինձ հենց սկզբից հարազատի պես ընդունեցին: Այստեղ տարբեր մարզերից են, նաև Արցախից»,- ինձ հետ զրույցում ասաց Վահանը: Նրա քրտինքը սրբող զինվորը նախընտրեց չխոսել, գործով ամեն ինչ ասված էր: Մյուս զինվորների հետ զրույցի թեման առաջնագծում ամեն օր մղվող կյանքի և մահու կռիվն էր: Աշոտ Խաչատրյանն ասում է. «Հակառակորդի յուրաքանչյուր հատված հսկում է մեզանից երեք անգամ շատ զինծառայող, բայց մենք կարողանում ենք զսպել նրանց: Ահա և մեր ոգու և մարտունակության ապացույցը: Ուրեմն թույլ են չէ, որ շատ մարդ են դնում հսկելու ու էլի պարտվում են», Խաչատուրն էլ, թե .« Երբ նայում եմ դիմացս, հակառակորդի կողմը հարթավայր է, մեր կողմը ամբողջը լեռներ են ու սարեր : Էս լեռները մեզ ուժ են տալիս և այս դժվարին հատվածներում ապահովում հաղթանակ: Էս սարերը մերն են, ուրեմն մենք անհաղթ ենք»: Արդեն հրաժեշտի ժամանակն է. հանձնում եմ զրահաբաճկոնը, սաղավարտը ու դիրքերից իջնում նրանց բոլորի հայացքը, խոսքերը ուղեղումս դաջված, իջնում եմ մտածելով.«Մի օր, մի ժամի չափ կրեցի այս ծանրությունը ու մարմինս «կոտրվում» է , բա զինվորներն ոնց են անում…»: Իջնում եմ ապաշխարհելով նրանց փոխարեն, ովքեր մեր ամենաթանկ «երեխայի ձեռքերին հարվածում են»` սխալ արարքի դեպքում, իսկ լավի դեպքում` չեն համբուրում: Հավատք և ուժ տալու փոխարեն «անուժ» են դարձնում իրենց պաշտպաններին, «անուժ»…` այդ ուժին երբևէ չհպված ու չհամբուրած… Մարիամ Պետրոսյան

No comments: