Monday, October 22, 2012

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ սկսելու լուրը

1in.am. 22-10-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեկ Թեհրանում ընդունել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության արտգործնախարար Անտուան Գամբիին: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Սալեհին հերքել է այն տեղեկատվությունը, թե Իրանը համաձայնել է իր միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելուն. «Մենք պատասխանատվություն չենք կրում այդ մասին հրապարակվող լուրերի արձագանքման համար: Որևէ խոսք չի գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու մասին: Մենք մեր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ ենք վարում «5+1» խմբի շրջանակներում»: Սպիտակ տան մամլո քարտուղար Թոմի Վիտորը նույնպես հերքել է Իրանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու մասին լուրը. «Դա ճիշտ չէ, որ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են ուղիղ բանակցություններ անցկացնել ամերիկյան ընտրություններից հետո»: Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան The New York Times թերթը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմում ունեցած իր անանուն աղբյուրներին, գրել էր, թե Իրանն ու ԱՄՆ-ն առաջին անգամ սկզբունքային համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսել նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

No comments: