Tuesday, November 6, 2012

Հունգարիայի օմբուդսմենը քննում է Սաֆարովի գործը

«NEWS.am», 06.11.2012: Հաջորդ շաբաթ նախատեսված է Հունգարիայի հայ համայնքի հանդիպումը այդ երկրի օմբուդսմենի հետ՝ Ռամիլ Սաֆարովի գործով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Բիկողոս Հակոբյանը: Նրա խոսքով, ներկայումս Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպանը քննում է Սաֆարովի գործը եւ ուսումնասիրում դատարան դիմելու նպատակահարմարության հարցը: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի օմբուդսմենը դատական գործընթաց նախաձեռնի Սաֆարովի արտահանձնման օրինականության հետ կապված: Մեր հանդիպման արդյունքում պարզ կդառնա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե օմբուդսմենը այլ որոշում կայացնի, այդ դեպքում հայ համայնքի ներկայացուցիչներն իրենք կդիմեն դատարան»,-նշել է Նիկողոս Հակոբյանը: 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ էին արձակել, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավասու մարմիններին, այս դեպքում` արդարադատության նախարարությանը հրահանգել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները դատական միջազգային ատյաններ դիմելու համար:

No comments: