Tuesday, November 6, 2012

Հայաստանում քաղաքական կուսակցությունների վիճակը ողբալի է. Մանվել Սարգսյան

«Թերթ.am», 05.11.12: 2013–ի նախագահական ընտրություններին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ քաղաքական վերնախավի ու կուսակցությունների համար ամենակարևոր գործոնը դրսի աջակցությունն է և այդ դաշտում ստվերային պայմանավորվածությունները։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը։ «Դա այնքան պարզ երևում է: Տեսե՛ք, էս մեկ ամսից ավել է՝ թերթերը խնդրում, աղաչում են, որ մի բան ասե՛ք, բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում, ինֆորմացիոն դաշտը չի հետաքրքրում, քանի որ այսօր այլ տեղերում են աշխատանքներ տարվում: Ու դրա համար էլ արդարացվում է լռելը, ինչ-որ քայլեր անելը, ըստ որում, այդ պրոցեսը նույն որակի ու նույն ձևի մեջ է»,– ասաց նա: Սա, ըստ Մանվել Սարգսյանի, գալիս է նրանից, որ քաղաքական այդ ուժերը ներսում, իրենց հասարակությունից որևէ բան չեն ակնկալում, անհրաժեշտ ռեսուրսը փորձում են ստանալ դրսից: Ի պատասխան հարցի, թե այս՝ իր նկարագրած պայմանները արդյոք ընտրությունների կանխորոշված ելքի մասին չե՞ն վկայում, Մանվել Սարգսյանն ասաց. «Ելքը ո՞րն է : Այս պայմաններում եթե մեկը առաջադրվում է, ուրեմն նա էլ նախագահ է: Եթե Սերժ Սարգսյանը օրինակ՝ չառաջադրվեր, ուրեմն նախագահ կդառնար Գագիկ Ծառուկյանը»: Առհասարակ, ըստ Մանվել Սարգսյանի, այս պայմաններում ողբալի է Հայաստանում քաղաքական կուսակցությունների վիճակը: «Մի երկիր, որտեղ 2 տասնամյակից ավել չի գործում ազատ ընտրությունների մեխանիզմը, բայց կուսակցություններն ստիպված են կուսակցական գործունեություն ծավալել»,- ասաց քաղաքագետը: Մանվել Սարգսյանն ասում է, որ ինքնը այն նոր գաղափարն առաջ քաշող վերլուծաբանների թվում է, ովքեր գտնում են, որ Հայաստանում ստեղծված է այնպիսի վիճակ, որտեղ ողջ քաղաքական համակարգի դեմ պետք է կանգնի քաղաքացիական հասարակությունը: «Քաղաքացիական շարժումը միայն կարող է գործոն դառնալ, որը կարող է փոխել այս վիճակը»,– ասաց նա: Ի պատասխան հարցի, թե կարելի՞ իր հայտարարությունից հասկանալ, որ կուսակցություններն սպառել են իրենց և իշխանություններին ընդդիմանալու հիմանական այլընտրանքը հասարակությունն է, քաղաքագետը հստակեցրեց. «Չի եղել մի բան, որ հասարակությունը իրեն սպառի և այս իրավիճակում, առհասարակ, կուսակցության ստեղծումն ու գոյությունը անհնարին է»: Հարցինն, թե ո՞րն է կուսակցությունների և քաղաքացիական հասարակության տարբերությունը, Մանվել Սարգսյանը պատասխանեց՝ ասելով, որ տարբերությունը նրանում է, որ առաջինները քաղաքական ուժեր են, իսկ քաղաքացիական հասարակությունը քաղաքացիներ են, հասարակությունը տերե՛րն են: Եվ քաղաքացիական շարժումն էլ կուսակցության պայքար չէ: Քաղաքագետը նկատեց, որ նմանատիպ իրավիճակներ եղել են այլ երկրներում՝ Սերբիայում, Չիլիում։ Բազմաթիվ այլ երկրներում, որտեղ գործում էր ինչ-որ իշխող կուսակցություն և բոլոր քաղաքական ուժերը ինչ-ինչ պայմանավորվածություններ ունեին տվյալ իշխող ուժի հետ, վիճակը շարունակվում էր տասնամյակներ, բայց հայտնվեց քաղաքացիական շարժում, երիտասարդություն, որը կարողացավ ջարդել մեքենան ու վերականգնել ազատ ընտրությունների մեխանիզմը: Մանվել Սարգսյանին հարցրեցինք նաև, թե ինչպես պետք է արտահայտվի քաղաքացիական հասարակության ակտիվացումը՝ նախագահական ընտրություններում իր ներսից թեկնածո՞ւ առաջադրելով, ընտրությունների վերահսկողության մեխանիզմո՞վ, թե որևէ այլ կերպ: Ըստ քաղաքագետի՝ ձևերը կարող են տարբեր լինել, բայց դա երկրորդական է: Իսկ ավելի կարևորը նպատակը ձևավորելն ու հռչակելն է և գործող իշխանությունների առաջ այդ ուլտիմատումը դնելն է: Ավելին՝ Մանվել Սարգսյանը համոզված է, որ եթե 2008–ին համաժողովրդական շարժումը կուսակցական ղեկավարություն չունենար, ապա հնարավոր կլիներ ինչ-որ արդյունքներ գրանցել: Իսկ այն, որ քաղաքագետի իսկ ձևակերպմամբ՝ Հայաստանում երբեք ոչ մի բան չի փոխվում, պայմանավորված է նրանով, որ հույսը դրել են այս կամ կուսակցությունների միավորման վրա, բայց նրանք, չեն միացել, պառակտվել են, նրանց այդ բանն անել չեն թողել:

No comments: