Tuesday, November 6, 2012

Թուրք զինակիցը զենքը գիտակցաբար ուղղել է Սեւակի վրա եւ նոր կրակել. թուրք փաստաբան

News.am. 6-11-2012- Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված հայազգի Սեւակ Շահին Բալըքչըի գործով հերթական դատավարությանը մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլեն՝ աջակցություն հայտնելով հայ ընտանիքին։ Ստամբուլի «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի ռազմաօդային բազայի զինվորական դատարանում տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ Սեւակի մայրը՝ Անի Բալըքչըն դիմել է դատարանին՝ ասելով, թե դատարանի որոշումի պարզ կդառնա, թե հայերը Թուրքիայում յուրայի՞ն են, թե՞ օտար։ Իսկ Սեւակի հայրը՝ Կարապետ Բալըքչըն դատարանից ակնկալել է, որ որոշումը կկայացվի խղճի ձայնը լսելով։ Բալըքչը ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը հիշեցրել է նախորդ նիստի ժամանակ նույն զորամասի կապիտան Մուրադ Յազգանի ներկայացրած զեկույցը, որի մեջ պարզ ներկայացվել է, որ Քվանչ Աղաօղլուն գիտենալով եւ դիտավորյալ է հրազենի փողն ուղղել Սեւակի կողմը եւ սեղմել ձգանը։ Մեղադրյալ Քվանչ Աղաօղլուի փաստաբանը դատարանից պահանջել է նիստերը մամուլի համար փակ իրականացնել, սակայն դատարանը մերժել է։ Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլեն հայտարարել է, թե կիսում է Սեւակի ընտանիքի վիշտը եւ աջակցելու համար է գտնվում դատարանում։ Նա նշել է, թե հետեւում է դատական գործընթացին եւ շարունակելու է հետեւել։ Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։ Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։

No comments: