Tuesday, November 6, 2012

Ամերիկան այսօր նախագահ է ընտրում

Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ` երկրի նորագույն պատմության
ամենաանկանխատեսելիներից մեկը: Հարցման արդյունքներով` նախագահ Օբամայի՝ «Սենդի» փոթորկի հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները նրան հնարավորություն են տվել մի փոքր առաջ անցնելու մրցակցից: Փորձագետները չեն բացառում, որ ընտրությունները ոչ-ոքի կավարտվեն, և նոր նախագահի անունը հայտնի կդառնա միայն դեկտեմբերի 17-ին` ընտրողների ձայների վերահաշվարկից հետո: Անցած հանգստյան օրերին Օբաման ելույթ է ունեցել Օհայոյում, Վիսկոնսինում, Այովայում, Վիրջինիայում և Ֆլորիդայում, Ռոմնին` Կոլորադոյում, Նյու Հեմփշիրում, Այովայում, Փենսիլվանիայում: Ռոմնին ասել է. «Այս ընտրություններում դուք պետք է պատասխանեք միայն մեկ հարցի` դուք ուզո՞ւմ եք լսել Օբամայի խոստումները ևս 4 տարի, թե՞ ձեզ ռեալ փոփոխություններ են պետք»: Օբաման հիշեցրել է, որ «Սենդի» փոթորկից հետո ցույց է տվել ամենաարտակարգ իրավիճակում գործելու իր ունակությունը: «Սենդի»-ից հետո Օբամայի գործողությունները հրաշալի է համարել ամերիկացիների 70%-ը: RealClearPolitics ընկերության տվյալներով` ընտրությունների նախօրեին Օբամային պատրաստ էր աջակցել ընտրողների 47,9%-ը, Ռոմնիին` 47,4%-ը: ԱՄՆ սահմանադրության համաձայն` ընտրությունների արդյունքը որոշում է 538 ընտրողներից կազմված կոլեգիան, իսկ ամեն նահանգի ներակայացուցիչների թիվը կախված է Կոնգրեսում և Սենատում տվյալ նահանգը ներկայացնող պատագամավորների թվից: Նախագահական ընտրություններում հաղթելու համար պետք է հավաքել ամենաքիչը 270 ձայն: Ըստ կանոնների` վերահաշվարկը կարող է շարունակվել մինչև դեկտեմբերի 17-ը: Չնայած դեպքերի այսպիսի զարգացման հավանականությունը գնահատվում է 10-15%, այնուամենայնիվ, թեկնածուների նախընտրական շտաբները պատրաստվում են նաև իրավական պայքարի: Հարցումների մեծ մասի համաձայն` առավելությունն այսպես կոչված չկողմնորոշված նահանգներում Օբամայինն է: NBC News-ի և The Wall Street Journal-ի հարցման արդյունքներով` Օհայո նահանգում Օբամային աջակցում է ընտրողների 51%-ը, Ռոմնիին` 45%-ը:

No comments: