Wednesday, September 12, 2012

Սադրանքները փրկեցին Բուլղարիային

Panorama.am. 12-9-2012- Աշխարհի ֆուտբոլի 2014թ. առաջնության ընտրական փուլի 2-րդ խաղում
Հայաստանի ընտրանին Սոֆիայում նվազագույն` 0:1 հաշվով զիջեց Բուլղարիայի հավաքականին: Իտալացիների հետ մեկնարկային խաղում արձանագրած ոչ ոքիից հետո բուլղարացիները մարտական էին տրամադրված, բայց ոչ այնքան ֆուտբոլ խաղալու, որքան հայ ֆուտբոլիստների ոտքերին հարվածելու համար: Ահա սա էր այն միակ հաղթաթուղթը, որի շնորհիվ բուլղարացիները մտադիր էին հաղթանակ կորզել: Սակայն ամեն ինչի մասին` հերթով: Խաղից առաջ կրքերը բորբոքվել էին Սեպտեմբերի 11-ին տեղեկատվություն տարածվեց, որ բուլղարացի երկրպագուները Սոֆիայում հարձակվել են Հայաստանից ժամանած ֆուտբոլասերների վրա: Եվ թեպետ լուրջ բախումներ, բարեբախտաբար, չեն արձանագրվել, և կողմերը բավարարվել են սովորական թվացող հրմշտոցով, պարզ էր, որ հյուրընկալողները, հակառակ հյուրընկալության կանոնների, փորձում են արհեստական լարվածություն ստեղծել և մեր թիմին զրկել խաղի վրա կենտրոնանալու հնարավորությունից: Մտավախություն կար, որ այդ փոքրիկ սկանդալը կարող է թելադրված լինել ֆեդերացիայի կամ հավաքականի ղեկավարության կողմից` մարտավարական նկատառումներով: Իսկ խաղի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պարզապես հաստատեցին այդ մտավախությունը. այո, բուլղարացիները ցանկանում էին հաղթել ամեն ինչ` նույնիսկ սեփական արժանապատվությունը և «Արդար խաղի» կանոնները զոհաբերելու գնով: Ամեն ինչ զոհաբերվում է հանուն 3 միավորի, քանզի երիտասարդ թիմին հաղթողի հոգեբանություն ներարկելը բխում է բուլղարական ֆուտբոլի ապագայի տեսլականից: Բայց բուլղարացիները դեռ պետք է ժամանեն Երևան... Քանի դեռ հոգնածությունը զգացնել չի տվել Դաշտի տերերը հանդիպման առաջին իսկ րոպեներին մեծ ուժերով գրոհ կազմակերպեցին` ցուցադրելով, որ մտադիր են տիրել նախաձեռնությանը և իրենց կամքը թելադրել մրցակցին: Զգացվեց, որ նրանք ձգտում են արագ գոլ խփել` հետագա բարդություններից խուսափելու և անպայման հաղթանակ տոնելու պատասխանատվության բեռը թեթևացնելու համար: Եթե իտալացիների հետ ոչ ոքի խաղալուց հետո բուլղարացիները սեփական խաղադաշտում չկարողանային հաղթել հայերին, ոչ ոք դա չէր հասկանա և չէր ների: Բայց դաշտի տերերը նաև շատ ուժեր էին ծախսել մեկնարկային խաղում և վախենում էին, որ 2-րդ խաղում կզիջեն ֆիզիկապես: Նաև դրանով էր բացատրվում արագ գոլի ձգտումը, որը, սակայն, չիրականացավ: Թեպետ բուլղարացիներն անընդհատ փորձում էին գրոհներ կազմակերպել, սակայն այս անգամ հենակետային 2 կիսապաշտպաններով գործող Հայաստանի ընտրանին հուսալիորեն պաշտպանվում էր և աստիճանաբար ու հաստատուն կերպով մրցակցին զրկում էր խաղային նախաձեռնությունից: Բավական է նշել, որ առաջին քիչ թե շատ վտանգավոր հարվածը մեր թիմի դարպասի ուղղությամբ կատարվեց 29-րդ րոպեին: Զգալով, որ զիջում են նախաձեռնությունը` բուլղարացիներն ապավինեցին կոպիտ խաղին: Դժվար է ասել, թե քանի հարված ստացան Հենրիխ Մխիթարյանն ու նրա խաղընկերները: Դաշտի տերերն այդ կերպ էին միայն փորձում կասեցնել մեր ֆուտբոլիստների արագ գրոհները, իսկ մրցավարը երկար ժամանակ ձեռքը գրպանը չէր տանում, որի պատճառով ավելի ուշ` 2-րդ խաղակեսում, ստիպված էր հաճախ դիմել քարտերի օգնությանը... 43-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը սուր անկյան տակ հարվածեց, գնդակը, դիպչելով Իվանովի ձեռքին, շեղեց ուղղությունը և սլացավ ուղղահայաց դարպասաձողի կողքով: 11 մետրանոց հարված նշանակելու փոխարեն մրցավարը ցույց տվեց, որ ոչինչ չի եղել և կարելի է շարունակել խաղը: Հենց հաջորդ գրոհը դաշտի տերերն ավարտեցին դարպասի գրավմամբ: Պոպովի` ձախ թևից դեպի տուգանային հրապարակ կատարած փոխանցմանը ժամանակին արձագանքեց Ստանիսլավ Մանոլևը` 1:0: Բուլղարական հերոսամարտ` ֆուտբոլային խաղադաշտում Գաղտնիք չէ, որ 2-րդ խաղակեսում Հայաստանի հավաքականը պետք է ձգտեր հետ բերել կորցրածը: Արդեն հոգնած դաշտի տերերը որոշել էին իսկական ճակատամարտ տալ` բառիս ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով: Մեր թիմի գրոհների կազմակերպիչը` Հենրիխ Մխիթարյանը, գնդակն ստանալուց անմիջապես հետո հայտնվում էր խոտածածկին: Բուլղարացիներն ամեն ինչ անում էին` մեր ֆուտբոլիստներին սադրելու համար, սակայն երկար ժամանակ չէին կարողանում հասնել իրենց նպատակին: Շուտով փոխարինման մտած Մարկոս Պիզելին սրություն մտցրեց մեր թիմի հարձակողական գործողություններում: Եվ հենց նրա փոխանցմամբ 66-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը հայտնվեց կրակագծում, բայց վերջինիս հարվածը շեղ ստացվեց: Այո, գոլ չգրանցվեց, սակայն դա գոլային ահազանգ էր: Եվ դաշտի տերերը կրկին ապավինեցին սադրանքների մարտավարությանը: 72-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը տուգանային հրապարակում գեղեցիկ հնարքով ազատվեց պաշտպանից և նետվեց առաջ, սակայն դարպասապահը հասցրեց որսալ գնդակը: Բուլղարիայի հավաքականի ֆուտբոլիստներն անմիջապես հարձակվեցին Հենրիխ Մխիթարյանի վրա: Այս անգամ սադրանքն աշխատեց: Մարկոս Պիզելին ակտիվորեն պաշտպանեց խաղընկերոջը: Սկսված հրմշտոցին միացան նաև մյուս ֆուտբոլիստները, և մրցավարը խաղադաշտից հեռացրեց թիմերի մեկական ֆուտբոլիստների` Դյակովին ու Մարկոս Պիզելիին: Դեղին քարտ ստացավ Սարգիս Հովսեփյանը: Դրանից ընդամենը 3-4 րոպե անց անհասկանալի պահվածքի համար կարմիր քարտ ստացավ նաև Գևորգ Ղազարյանը` թաղելով խաղը փրկելու բոլոր հույսերը: Այնուհետև թիմերը պարզապես գլորեցին ժամանակը` հանդիպումն ավարտելու համար: Խաղից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հեռացան հանդերձարան` հարկ չհամարելով սեղմել բուլղարացիների և մրցավարների ձեռքը: Եզրակացություն Զգացվում է, որ մրցակիցները լավ են ուսումնասիրել Հայաստանի հավաքականի խաղը և որևէ միջոցի առջև կանգ չեն առնի` մեր թիմին իր հաղթաթղթերից զրկելու համար: Պետք է սովորել հոգեբանական կայունություն ձեռք բերել, հարմարվել կոպիտ խաղին և նոր որակների միջոցով հասնել հաջողության, այլապես հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերը դատապարտված կլինեն ձախողման:

No comments: