Monday, April 21, 2008

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 10-Ի

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ», 15.04.08: Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ապրիլի 14-ին տեղի է ունեցել մարտիմեկյան իրադարձությունների 10-րդ զոհի` Սամվել Հարությունյանի հուղարկավորության արարողությունը: Ապրիլի 11-ին, երբ 19-ամյա Տիգրան Աբգարյանի մահով արյունոտ օրվա զոհերի թիվը հասավ 9-ի, պարզվում է` եղել է նաեւ 10-րդ զոհը: Նույն օրը` գրեթե միաժամանակ, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է գանգուղեղային վնասվածք ստացած 29-ամյա Սամվել Հարությունյանը` որբացնելով 6 ամսական իր դստերը:
Մի քանի վիրահատության ենթարկված երիտասարդի վիճակը թեեւ սկսել էր ապաքինման հույսեր ներշնչել, բայց ամսի 11-ին այն կտրուկ վատթարացել է, եւ այլեւս հնարավոր չի եղել փրկել Սամվելի կյանքը: Ըստ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Ռուսլանա Գեւորգյանի, առաջին իսկ օրվանից երիտասարդը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Հատուկ սարքավորման միջոցով նրան արհեստական շնչառություն են տվել, կերակրել միայն զոնդով: Մի քանի օր առաջ, սակայն, Սամվելի վիճակը կայունացել էր. հանել էին արհեստական շնչառությունը, սկսել էր ուտել առանց զոնդի: Երեկ հուղարկավորված երիտասարդի մայրը պատմել է, որ դեպքից առաջ մի զինվորական էր եկել, կանգնել որդու ոտքերի տակ, բժշկի հետ ինչ-որ բան խոսել ու գնացել: Դրանից հետո Սամվելի առողջական վիճակը վատացել է: Վերջին օրը, սակայն, նա կարողացել է մի ձեռքով փաթաթվել մորն ու համբուրել: Հասցրել է նաեւ իմանալ դստեր` ատամ հանելու մասին լուրը եւ արտասվել: Սամվել Հարությունյանի ծնողներն ապրիլի 16-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն` որդու սպանության կապակցությամբ:

No comments: