Sunday, April 20, 2008

Կալանավորվածների հարազատները շարունակում են բողոքել

Հայաստանի Գլխավոր դատախազության շենքի մոտ մի քանի տասնյակ կանայք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել` հետընտրական շրջանում ձերբակալված եւ իրենց քաղբանտարկյալ համարող անձանց ազատ արձակելու պահանջով: Հավաքվածները հիմնականում կալանավորվածների հարազատներն էին, ովքեր այս շաբաթ բողոքի ակցիաներ էին անցկացրել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների դեսպանատների մոտ: Ցույցին մասնակցում էին նաեւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ցուցարարները պնդում էին, որ Գլխավոր դատախազության շենքի մոտ են գալու ամեն ուրբաթ` այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր մարտի 1-ից հետո բոլոր ձերբակալվածները: Ակցիայի մասնակիցները իրենց պահանջներով նամակը հանձնեցին Գլխավոր դատախազության քաղաքացիների դիմումներով զբաղվող վարչության պետ Ժաննա Կուտիկյանին: Կուտիկյանը ցուցարարների պատվիրակների հետ զրույցում խոստացավ, որ Գլխավոր դատախազն անպայման կուսումնասիրի եւ կպատասխանի այդ նրանց նամակին: Ցույցի մասնակիցները պատրաստվում էին այսօր բողոքի ակցիա կազմակերպել նաեւ Ռուսաստանի դեսպանատան մոտ, իսկ այնուհետեւ գնալ Հրազդանի Վանատուր թաղամաս` միանալու հացադուլ հայտարարած նախկին ազատամարտիկ Արշավիր Բոզինյանին եւ զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանին: Աննա Սաղաբալյան Lib .18-04-2008

No comments: