Sunday, April 20, 2008

Հրանտ Դինք՝ հետաքննությանա նոր պահանջ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներից, լրագրողներից եւ արվեստագետներից կազմված Հրանտ Դինքի դատական գործին հետեւող խումբը պահանջել է նորից հետաքննել Դինքի սպանության գործը: Ըստ թուրքական «Յենի շաֆագի», նման պահանջով հիշյալ խումբը հանդես է եկել Դինքի սպանության գործին Թուրքիայի անվտանգության մարմինների պաշտոնյաների մասնակից լինելու կասկածանքների պատճառով:

Խումբը պահանջել է նաեւ միավորել Տրապիզոնի անվտանգության տնօրինության պաշտոնյաների նկատմամբ դատական գործը Դինքի մայր դատական գործին եւ դատավարությունն անցկացնել միայն Ստամբուլում:

Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում խմբի անունից ունեցած ելույթում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Մեհմեդ Դոմաչը լրագրողներին ասել է, որ Տրապիզոնի ժանդարմերիայի երկու
ենթասպաներ խոստովանել են, որ Հրանտ Դինքի նկատմամբ մահափորձ պատրաստվելու մասին ժանդարմերիայի գործակալների տեղեկությունների հիման վրա կազմված զեկուցագրերը Տրապիզոնի եւ Ստամբուլի անվտանգության տնօրինություններ են ուղարկել սպանությունից 11 ամիս առաջ, սակայն, ղեկավար հրամանատարության կողմից կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու մասին որեւէ ցուցում չեն ստացել:

Դատախազությանը տված ցուցմունքներում վերջիններս հայտնել են, որ Դինքի սպանությունից հետո անմիջական ղեկավարությունը իրենց նկատմամբ ճնշում է գործադրել եւ պահանջել չխոսել սպանություն կազմակերպվելու վերաբերյալ իրենց նախապես տեղեկացված լինելու մասին:
Ի դեպ, Թուրքիայի ՆԳՆ տեսուչները բացահայտել են Տրապիզոնի եւ Ստամբուլի անվտանգության տնօրինությունների համաձայնեցված գործողությունները` Հրանտ Դինքի սպանության մասին նախապես
հայտնի տեղեկությունները թաքցնելու հարցում:
Անցյալ տարի հունվարի 19-ին թուրքական ազգայնական շրջանակների կողմից դավադրաբար սպանված Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի ոճրագործության վերաբերյալ ամեն օր մի նոր ցնցող պնդում է ի հայտ գալիս:

Թուրքական «Թարաֆ» թերթն իր այսօրվա համարում հայտնել է, որ Թուրքիայի ՆԳՆ գլխավոր տեսուչ Շյուքրու Յըլդըզը Ստամբուլի անվտանգության տնօրինության համակարգիչների հետազոտության արդյունքում պարզել է, որ ոստիկանության 6 աշխատակիցներ Դինքի մահափորձի մասին նախօրոք տեղեկացված չլինելու մասին կեղծ զեկույցներ են պատրաստել:
Յըլդըզը պարզել է, որ Դինքի մասին հիշատակումները համակարգիչում արվել են նրա մահից երեք հետո միայն, այն դեպքում, երբ Տրապիզոնի անվտանգության տնօրինության
երկու ենթասպաների զեկույցների համաձայն, մահափորձ նախապատրաստվելու մասին զեկուցագրերը կազմվել են Դինքի սպանությունից 11 ամիս առաջ` 2006 թ-ի փետրվարին:

Թերթը գրել է, որ Ստամբուլի նահանգապետարանը բավարարել է անվտանգության տնօրինության 6 աշխատակիցների նկատմամբ հետաքննություն սկսելու դատախազության պահանջը: Դինքի սպանության գործի հետ կապված դատական գործ է հարուցվել նաեւ Տրապիզոնի ժանդարմերիայի 8 աշխատակիցների նկատմամբ:

No comments: