Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցելու վերաբերյալ տարակարծությունները գնալով ավելի սուր բնույթ են ընդունում Եվրոպայում, գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ ու խմբագիր Հարութ Սասունյանը եւ շարունակում. Շատերը դեմ են այդ անդամակցությանը նախապաշարումներից ելնելով կամ էլ քաղաքական, տնտեսական եւ մշակութային անհամապատասխանություն տեսնելով դրանում:Թուրք առաջնորդները, փոխանակ ջանքեր գործադրելու երկիրը համապատասխանեցնելու եվրոպական պահանջներին, հեշտ տարբերակն են ընտրել եւ անընդհատ քննադատում են Եվրոպային նրա հակաթուրք եւ հակամահմեդական կեցվածքի համար: Փոխանակ իրենց անկարող ու անպատրաստակամ համարելու, նրանք եվրոպացիներին են մեղադրում չկամության մեջ: Նրանք չեն հասկանում, որ անդամակցության այսքան երկար ձգձգումը (1963 թվից են փորձում իրականացնել դա) հետեւանք է արեւմտյան ստանդարտներին համաձայն գործելու իրենց անկարողության: Նաեւ, իհարկե, երեք տարբեր առիթներով զինվորական հեղաշրջումների հետեւանքով տապալելու ժողովրդի ընտրած կառավարություններին:
Թուրքերն իբրեւ ազգ իրենք են իրենց մեջ բաժանված տարբեր քաղաքական, կրոնական եւ էթնիկական խմբավորումների: Ժողովրդի գրեթե կեսը դեմ է ԵՄ անդամակցությանը: Սահմանադրական դատարանում քննարկվում են իշխող կուսակցությունը անօրինական համարելու եւ նախագահին ու վարչապետին իրենց պաշտոններից ազատելու խնդիրները:
Վարչապետ Էրդողանը երկընտրանքի առաջ է կանգնած: Մի կողմից նա ցանկանում է, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, որպեսզի ապահովի իր կուսակցության իշխանությունը եւ ազատվի զինվորականների ու արմատականների միջամտություններից, մյուս կողմից խուսափում է արմատական փոփոխություններ եւ մեծ զիջումներ կատարելուց, որպեսզի թուրքական ապրելակերպի թշնամին չհամարվի իր իսկ ժողովրդի կողմից: Նա ձեւացնում է, թե բարեփոխումներ է կատարում, բայց իրականում ոչինչ չի անում: Լավագույն օրինակը քրեական օրենսգրքի 301 հոդվածն է, որի փոփոխությունը մինչեւ օրս դեռ խոստումներից գործնականի չի անցել:
«Թուդեյզ Զաման» թերթի ապրիլի 10-ի համարում Բարիշ Ալթընթաշը գրում է, որ նույնիսկ այդ հոդվածի ամբողջական վերացումից հետո ոչինչ չի փոխվելու, քանի որ քրեական օրենսգրքում շատ այլ հոդվածներ շարունակելու են խոչընդոտել մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքին: Նա բերում է հետեւյալ օրինակները.
- 115-րդ հոդվածը արգելում է մարդկանց հայտարարել իրենց կրոնական, սոցիալ-քաղաքական եւ փիլիսոփայական հայացքների մասին,
- 125-րդ հոդվածը` արժանապատվության դեմ գործված ոճրագործությունը,
- 216-րդ հոդվածը` մարդկանց ատելության եւ թշնամության մղելը,
- 217-րդ հոդվածը` մարդկանց դրդելը, որ չհնազանդվեն օրենքին,
- 220-րդ հոդվածը` անօրինական կազմակերպությունների տարածումը,
- 225-րդ հոդվածը` քրդական տառերի (q, x եւ w) օգտագործումը,
- 263-րդ հոդվածը` անօրինական կրթություն մատուցելը,
- 288-րդ հոդվածը` ընթացիկ դատական գործերի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները,
- 299-րդ հոդվածը` նախագահի հասցեին հնչած վիրավորական խոսքերը,
- 300-րդ հոդվածը` պետության խորհրդանշանների անարգումը,
- 304-րդ հոդվածը` օտար պաշտոնյաներին հրահրելը, որ պատերազմ հայտարարեն Թուրքիայի դեմ, կամ վիրավորեն նրան,
- 305-րդ հոդվածը` ազգային հիմնական շահերին դեմ գործելը,
- 309-րդ հոդվածը` իշխանություններին տապալելու փորձը,
- 311-րդ հոդվածը` խորհրդարանը ուժի միջոցով ցրելու փորձը,
- 318-րդ հոդվածը` բանակում ծառայելը չքաջալերելը,
- 323-րդ հոդվածը` սուտ լրատվություն տպագրելը,
- 341-րդ հոդվածը` օտար որեւէ երկրի դրոշի անարգումը:
Իսկ նույն «Թուդեյզ Զաման» թերթում Հրանտ Դինքի փաստաբան Էրդալ Դողանը նշում է, որ նույնիսկ այս բոլոր խնդրահարույց հոդվածների վերացումը ոչինչ չի փոխելու Թուրքիայում, ո՛չ դատական մարմիններում, ո՛չ էլ հասարակության մեջ:
Չի փոխվելու, եւ Թուրքիան դեռ բավական երկար ժամանակ չի կարողանալու անդամակցել Եվրոմիությանը ոչ թե եվրոպացիների ընդդիմության պատճառով, այլ երկրի ներսում գործող «խորքային պետության» արմատական ազգայնամոլների առկայության եւ եվրոպական արժեքների հանդեպ միլիոնավոր քաղաքացիների անտարբերության պատճառներով:
Թարգմ. Հ. Ծ.
No comments:
Post a Comment