Վրացական Սամցխե Ջավախքում առաջիկայում մեկնարկում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային մայրուղու վրացական տեղամասի շինարարությունը: Շինարարները սպասում են հարմար եղանակի. Վրաստանի այս շրջանում ձմեռը շարունակվում է մինչեւ ապրիլ, ձյունը հալչում է մայիսին:
Այս մայրուղին ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի արեւելյան շրջանների, Վրաստանի, Ադրբեջանի տնտեսության համար: Ակնկալվում է, որ նրա բեռնափոխադրման կարողությունը տարեկան կկազմի 15 միլիոն տոննա: Դա հնարավորություն կտա դուրս գալ Հարավային Կովկասի տրանսպորտային մայրուղիների մշտական եւ հարավկովկասյան տրանսպորտային ենթակառույցների բազմամյա շրջափակումից: Իրականում սառեցված հակամարտությունների, այդ թվում` նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի, վերջին ժամանակներս նաեւ վրաց-ռուսական հարաբերությունների պատճառով տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային զարկերակները մեկուսացված էին: Հայաստանը երկաթուղային միջանցք ունի Վրաստանի հետ: Վրաստանում, իր հերթին, վերջին ժամանակներս գործել են տրանսպորտային 2 միջանցքներ` երկաթուղային` Ադրբեջանի տարածքով եւ ցամաքային ճանապարհ` դեպի Թուրքիա: Միայն Ադրբեջանը ունի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի հետ: Այդ իրավիճակում Հայաստանը հայտնվել է Ռուսաստանից գործնականում ամբողջովին շրջափակման մեջ, որն իր արտաքին տնտեսական հիմնական գործընկերն է: Վրաց-աբխազական հակամարտության պատճառով փակվել է երկաթուղային գլխավոր մայրուղին, որը Վրաստանը կապում է Ռուսաստանի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը պատճառ է դարձել փակելու տրանսպորտային մայրուղիները: Այդ իմաստով նոր մայրուղին նախեւառաջ կկարգավորի Ադրբեջանի եւ Թուրքիայի հաղորդակցության հիմնախնդիրը, ինչը խիստ կարեւոր է երկու դաշնակիցների համար եւ պայմաններ կստեղծի վրացական շուկայի վերակողմնորոշման համար: Այս խնդիրը Վրաստանի համար խիստ կարեւոր է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների միջեւ առաջիկայում ջերմացում չի լինի: Ձեռք բերված համաձայնությամբ` վրացական տեղամասում աշխատանքները պետք է ավարտվեն 2009 թվականի հոկտեմբերի 1-ին: Այս ժամանակահատվածում նախատեսված է, որ Թուրքիայում ճանապարհը պատրաստ կլինի: Մեկ ամիս առաջ Բաքվում հաստատվել է նախագծի այս տարվա բյուջեն` ավելի քան 70 միլիոն դոլար: Սա նախագծի ընդհանուր արժեքի միայն մի մասն է, նախագծի գումարային արժեքը հասնում է 600 միլիոն դոլարի:
Ախալքալաք-Կարս երկաթուղագիծը, որի շինարարությունը պետք է ընթանա այս եւ հաջորդ տարի, նախագծի մի մասն է միայն, 105 կմ-ոց այս տեղամասի 76 կմ-ը գտնվում է Վրաստանի, 29 կմ-ը` Թուրքիայի տարածքում: Նախագծի երկրորդ մասը Ախալքալաք-Մարաբդա հատվածի վերակառուցումն է, որը ծայրահեղ մաշված վիճակում է: Նախագծի իրականացման սկզբունքային որոշումը ընդունվել է 2007 թվականի փետրվարի 7-ին Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի կողմից: Ճանապարհային շինարարությունը կիրականացնի «Ազերի շահաթ սերվիսե ադրբեջանական ընկերությունը, որը հաղթել է մրցույթում: Բացի երկաթուղային ճանապարհից` կկառուցվեն համապատասխան ենթակառույցներ, այդ թվում Ախալքալաքում նախատեսվում է կառուցել վրացականից եվրոպական անվագծերի անցման կետ: Այս մայրուղու կառուցման նշանակությունը չի կարելի թերագնահատել: Առաջին հերթին այն դիվերսիֆիկացնում է տրանսպորտային հաղորդակցությունը դեպի Արեւելք եւ Արեւմուտք` Թուրքիայի եւ ոչ թե Ռուսաստանի տարածքով, ինչպես ավելի վաղ էր: Այդ ճանապարհի առաջին քայլը Բաքու-Ջեյհան նավթամուղն է, երկրորդ քայլը` երկաթուղային ճանապարհը, երրորդ քայլը, ինչպես ենթադրվում է, գործող խճուղին վերանորոգելն է, ինչը հնարավորություն կտա կապելու Փոքր Ասիան եւ Հարավային Կովկասը միացնող միակ հանգույցը: Դրա համար անհրաժեշտ է նորոգել Բաթում-Ախալցխա խճուղին: Այսօր այդ ճանապարհը անանցանելի է, հարկ է այն ամբողջովին վերականգնել, եւ դա խնդրահարույց չէ: Այս նախագծի իրագործման դեպքում արտաքին տնտեսական նոր չափումներ ի հայտ կգան տարածաշրջանի երկրների համար` դեպի Թուրքիա եւ Եվրամիություն կողմնորոշմամբ եւ ոչ թե դեպի Ռուսաստան, ինչպես վերջին 150 տարիների ընթացքում էր: Սակայն այս նախագծի քաղաքական կարեւոր նշանակությունն այն է, որ ամբողջացնում է Հայաստանի տնտեսական շրջափակումը: Կարելի է ասել, որ Հայաստանին տրանսպորտային շրջափակման օղակի մեջ առնելը կարժենա 600 միլիոն դոլար: Այժմ Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանում գործող բոլոր նախագծերից եւ համապատասխանաբար` խոշոր տնտեսական նախագծերից: Կարս-Թբիլիսի-Բաքու ճանապարհային նախագիծը Ադրբեջանի մեծ հաղթանակն էր: Այս երկիրը նախագծի հիմնական դոնորն է եւ իրավունք ունի պատվիրելու իր մեղեդին: Մասնավորապես` Վրաստանը հարմարվեց Ադրբեջանի առաջ քաշած պայմաններին: Վրացական տեղամասի համար Ադրբեջանը Վրաստանին հատկացրել է 200 միլիոն դոլար` 25 տարի ժամկետով: Սակայն հաշվի առնելով հանգամանքները, որ շինարարությունը կիրականացնի ադրբեջանական ընկերությունը, ապա գումարները ներդնելը շահեկան է եւ նույնիսկ գերշահեկան` նույն Ադրբեջանին: Տնտեսական նպատակաուղղվածության համեմատ` նախագծի քաղաքական հավակնությունները ավելի կարեւոր են: Ի դեպ, Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը կկարգավորեր Արեւելք-Արեւմուտք կապը, իսկ այդ տեղամասի նորոգումը չնչին գումարներ էր պահանջում:
Գոհար Բարսամյան
Աղբյուր` Jamank- Yerevan- 17 April 2008
Sunday, April 20, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment