Sunday, April 20, 2008

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՄԱՉՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ

 Իր նախագահության վերջին օրերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված անձանց փաստաբանները, երբ սկսի դատական գործընթացը, կտեսնեն, թե ինչ հանցանք են գործել իրենց պաշտպանյալները եւ կամաչեն նրանց պաշտպանած լինելու համար: Ապրիլի 16-ին, ՀԺԿ գրասենյակում, ձերբակալված անձանց փաստաբանների մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն այդ հարցն են ուղղել փաստաբաններին: Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ այլոց պաշտպանությունն իրականացնող Հովիկ Արսենյանը նշել է, թե ինքն արդեն ամաչում է արդարադատության այն համակարգի համար, որտեղ գործում են այնպիսի բարքեր, որ իրենք, որպես փաստաբան, չեն կարող իրավական առումով օգտակար լինել իրենց պաշտպանյալներին, նրանց հանդեպ օրինական քննություն եւ դատավարություն ապահովելու համար: Իսկ Արամ Կարապետյանի եւ Շանթ Հարությունյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի դատական համակարգը անկախ չէ եւ ընդամենը իշխանության կատարածու է: Իսկ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարության, Հարություն Բաղդասարյանը նրան խորհուրդ կտար կարդալ Հայաստանի քրեադատավարական օրենսգրքի 18-րդ հոդվածը: “Նրա խոսքի պատասխանն այնտեղ գրված է”, ասում է Հարություն Բաղդասարյանը, ինչին Հովիկ Արսենյանը պատասխանել է, թե Քոչարյանը չի սիրում գիրք կարդալ:

No comments: