Sunday, April 20, 2008

ՀԵՆՑ ՀԻՄԱ

Լրագրող Կարմեն Դավթյանը նախագահի երդմնակալության արարողությունից հետո հարցազրույց է վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ

- Պրն Բրայզա. միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանից, որպես առաջին քայլ, ակնկալում է մարտի մեկի դեպքերի արդյունքում ձերբակալվածների շուտափույթ ազատում: Ինչ եք կարծում` չկա այնպիսի մեխանիզմ, որ այդ գործընթացն արագ ընթանա:

- Գործընթացը կարծես սկսվել է եւ ընթանում է: Իմ երկիրն, այո, մտածում է, որ այդ քայլերը պետք է արագ արվեն, եւ բոլոր նրանք, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել եւ ձերբակալված են քաղաքական հայացքների համար, պետք է ազատ արձակվեն արագ` հենց հիմա, որովհետեւ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, երբ նման մարդիկ բանտերում են:

- Միջազգային ճգնաժամային խումբն օրերս կոշտ հայտարարություն ընդունեց, ընդհուպ մինչեւ հայաստանյան իշխանությունների նկատմամբ այլ երկրների կողմից դիվանագիտական էմբարգոների կիրառում` այդ եւ մնացյալ խնդիրների չլուծման դեպքում. կիսում եք խմբի տեսակետները:

- Դժբախտաբար, ես ծանոթ չեմ ՄՃԽ-ի հայտարարությանը: Ի դեպ.. ՄՃԽ-ն անկախ-վերլուծական խումբ է, այնպես որ, իր իրավունքն է տեսակետներ հայտնելը: Ես ունեմ իմ տեսակետը, մենք` ԱՄՆ-ը, հանդիսանում է Հայաստանի բարեկամը, ավելին` ինքս կարող եմ շատ լավ վերաբերմունք ունենալ Հայաստանի նախագահի նկատմամբ:

- Էլ ուրիշ ոնց. այլապես չէիք հասնի Երեւան` մասնակցելու նրա ինաուգուրացիային. եւ այնուհանդերձ, ինչու այդքան «ջերմ»:

- Էական չէ. անցնեմ առաջ. մեր երկիրը հանդիսանում է Հայաստանի բարեկամը. ԱՄՆ-ում անչափ շատ են հայկական ծագմամբ ամերիկացիները, որոնք ամրապնդում են երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը, որը մեր երկրների միջեւ բավական հզոր է: Եւ այն, ինչ տեղի ունեցավ մարտի մեկին Երեւանում, անչափ մեծ շոկ էր բոլորիս համար, դրա հետեւանքները շատ արագ պետք է վերացվեն:

- Իսկ ճիշտ է տեղեկությունը, թե ԱՄՆ պատրաստվում է Ադրբեջանում հակահրթիռային բաղկացուցիչներ տեղակայել:

- Այդ մասին ես լսում եմ առաջին անգամ:

- Իսկ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը. կօգտագործվի այն ռուսների հետ համատեղ:

- Թերեւս տեղյակ եք, որ նախագահ Պուտինը առաջարկել է նախագահ Բուշին` այդ կայանն օգտագործել համատեղ:

- Քիչ առաջ ես խոսում էի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, նա ասաց, որ բանակցություններն այդ ուղղությամբ ընթանում են, եւ իրենք լավատես են:

- Այո, բանակցություններն ընթանում են, բայց թե կոնկրետ ինչ են խոսել պարոն Պուտինն ու պարոն Բուշը Սոչիում, ես տեղյակ չեմ:

- Գիտեք, պարոն Բրայզա, հայկական ընդդիմադիր թերթերը գրում են, որ Ռուսաստանը Հայաստանից պահանջում է հանել խաղաղարար ուժերն Իրաքից. դուք նման բան հնարավոր համրում եք, եւ եթե այդպիսի բան լինի, ինչպիսին կլինի ամերիկյան արձագանքը:

- Առաջին անգամ եմ նման բան լսում. կարծում եմ եւ հույս ունեմ, որ նման բան չի լինի. հայկական զորամիավորումն, այո, Իրաքում է, շատ լավ ծառայում է, եւ այդ առիթով մենք շատ ուրախ ենք, ինչն էլ մեր երկու երկրների արդյունավետ համագորակցության մասին է խոսում:

- Ի դեպ, նախորդ աշնանը, երբ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում էր, կարծես պայմանավորվածություն էր ձեռք բերվել հայկական նման համակազմ Աֆղանստան ուղարկելու մասին:

- Որպես այդպիսին որոշում չկա: Դա նախագահ Սարգսյանի իրավասության ներքո է, եւ եթե նա այդպիսի որոշում կայացնի, մենք, իհարկե, շնորհակալ կլինենք:

- Ի դեպ. պարոն Բրայզա, ձեր ընտանիքում կարծես լիարժեք կոմպլեմենտարիզմ է իշխում. տիկին Զեյնո Բարանը «սիրումե է Ադրբեջանն, իսկ դուք, կարծես թե, Հայաստանը... թե, բոլոր դեպքերում, Վրաստանը:

- Չէ-չէ-չէ. երեք երկրներն էլ մեզ համար շատ կարեւոր են. ես որպես դիվանագետ, պարտավոր եմ աշխատել բոլոր երեք ուղություններով էլ. ես, իհարկե, այդ երեք երկրներն էլ սիրում եմ, սակայն ամենից շատ սիրում եմ իմ երկիրը, եւ ունեմ պրոֆեսիանալ առաջադրանքներ:

- Կարելի է մի շատ անկեղծ` մարդկային հարց:

-Իհարկե, կարելի է:

- Գիտեք, մարտի մեկի դեպքերից հետո, երբ դուք հանդիպել էիք Սերժ Սարգսյանի հետ, ձեր դեմքին մի անբացատրելի արտահայտություն կար. ես երկար փորձում էի հասկանալ այն: Եթե գաղտնիք չէ, ինչ էիք այդ պահին զգում:

- Մտահոգություն: Իհարկե` մտահոգություն. իրադրությունը էր եւ դեռեւս է` մտահոգող: Շատ: Եւ եթե ես այս երկիրը համարում եմ բարեկամ երկիր, իհարկե, պետք է անհանգստություն ապրեմ: Իսկ այն օրերին ես եկել էի, որպեսզի մոտիկից ծանոթանամ իրադրությանը, եւ հնարավոր օգնություն հանդես բերեմ. դա էր Սերժ Սարգսյանի եւ իմ զրույցի ոգին:

- Գիտեք, մեզ մոտ գրեցին, որ երբ դուք այդ օրերին այցելել էիք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ձեր ավտոմեքենան ստուգման է ենթարկվել, ինչն էլ ձեզ ահավոր զայրացրել է:

- Ոչինչ, ոչինչ. նրանք միայն ցանկանում էին ստուգել փաստաթղթերը: Դա երեւի թե նորմալ է:

- Չեք ջղայնացել:

- Չէ. ես պարզապես ստուգում էի իմ ի-մեյլը:

- Եւ վերջին հարց. բազմահմուտ դիվանագետ Մեթ Բրայզան ինչ է կարծում` տեղի կունենա արդյոք երկխոսություն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

- Կարծում եմ` այո. չնայած այդ հարցն ինձ չպետք է ուղղեք, այլ Տեր-Պետրոսյանին եւ Հայաստանի նախագահին... ես շատ կուզեի, որ այն տեղի ունենար:
Աղբյուր` lragir-150408

No comments: