Sunday, April 20, 2008

Մոսկվայի քաղաքապետարանը փորձում է խանգարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույցի անցկացմանը

/PanARMENIAN.Net/-15.04.2008- Ամեն տարի ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միությունը (ՍՀՄ) հանրահավաք է անցկացնում Մոսկվայում թուրքական դեսպանատան մոտ՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության տարելիցին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ՌՀՄ Մոկսվայի կազմակերպության Երիտասարդական ասոցիացիայի ղեկավար Լեւոն Մուկունյանը, այս տարի մոսկովյան քաղաքապետարանի կողմից շատ ուժեղ ճնշում է գործադրվում հանրահավաքի անցկացման դեմ: «Մենք որոշման համար դիմել ենք, սակայն մինչեւ հիմա հարցը չի կարգավորվել»,- ընդգծել է Մուկունյանը: Ինչպես պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատանը ընդունելություն է սպասվում:

Նշենք, որ ապրիլի 24-ին Ռուսաստանում կայանալու է իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է 2007 թվականին եւ հանդիսանում է Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բուլղարիայի համատեղ արտադրանքը: Ֆիլմը նկարահանվել է իտալացի գրող եւ գրականագետ Անտոնիա Արսլանի համանուն գրքի հիման վրա՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

No comments: