Հետբուխարեստյան այս ժամանակահատվածը Հարավային Կովկասում հետաքրքիր միտումներ առաջ բերեց. Վրաստանը, այսպես թե այնպես, կողմնորոշվում է դեպի Արեւմուտք:Իսկ Երեւանը ամեն դեպքում կկանգնի Հյուսիս-Արեւմուտք երկընտրանքի առաջ: Բաքուն զգուշավոր դիվանագիտություն է վարում: Իսկ գագաթնաժողովում Ուկրաինային թեկուզ ժամանակավորապես մերժելը հանգեցնում է նարնջագույն ճամբարի պառակտմանը: Անցյալ դարի 90-ական թվականներին սկսեց անդրատլանտյան-եվրոպական տարածության կազմավորման գործընթացը: Այս իրողության հիմնական պատճառը ատլանտիզմին հարմարվելու` Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթիկայի ջանքերն էին: Ուշագրավ է այն, որ սառը պատերազմի իրականությամբ դաստիարակված Փարիզը եւ Բեռլինը չձերբազատվեցին «Նապոլեոնի կայսրության» վերականգնման գայթակղությունից` Արեւելքում Եվրամիության ընդլայնմամբ: Առաջացավ եվրոպական-ատլանտյան եւ ռուսական քաղաքակրթությունների մրցակցությունը: Առճակատումը հնարավոր կլիներ, եթե Մոսկվան եւ Վաշինգտոնը փոխադարձ շահեր չունենային պակիստանա-աֆղանական, միջինասիական եւ կասպյան-մերձավորարեւելյան` անկայուն համարվող տարածաշրջաններում: Այլ խոսքով` Վաշինգտոնը եւ Մոսկվան նոր լուրջ առճակատումների չեն պատրաստվում: Լատվիական «Riga.Rosvesty» պարբերականը կարծիք է հայտնում, որ Կրեմլին այս պարագայում օգնության հասավ Կոսովոյի հիմնախնդիրը: Եվրոպացիները իրենք հավաստում են, որ Կոսովոն կդառնա Եվրամիության արտաքին քաղաքական միասնական գծի ձեւավորման փորձություն:
Հյուսիսատլանտյան դաշինքի համար Վրաստանը ռազմավարական կարեւորություն է ներկայացնում, քանի որ գտնվում է Եվրասիայի կենտրոնում եւ սահմանակից է Ռուսաստանին, Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին: Ինչու` է ՆԱՏՕ-ի անդամակցությունը կենսական հույժ կարեւոր խնդիր Վրաստանի համար: Նախ` Հյուսիսատլանտյան դաշինքը անվտանգության համակարգ է Վրաստանի համար: Դարերի ընթացքում Վրաստանը նպատակ էր հույն, թուրք, արաբ եւ ռուս զավթիչների համար: Նախկին խորհրդային այս տարածքում դեռեւս ժողովրդաիշխանության փոխակերպման գործընթացները ամբողջական եւ ավարտված բնույթ չունեն: Թեկուզ Վրաստանին մերժելը որպես լուրջ եւ մեծ ազդանշան է դիտարկվում: Մոսկվան հասկացավ, որ թե Ուկրաինան, թե Վրաստանը ժողովրդաիշխանության եւ ազատության արբանյակներ են: Բուխարեստի գագաթնաժողովից հետո այս հանրապետություններում աշխուժացավ ռուսահակ ուժերի գործունեությունը: Արդի փուլում թե Եվրամիությունը, թե ՆԱՏՕ-ն խուսանավում են Ռուսաստանի հետ անհարկի առճակատելուց: Ամեն դեպքում Վրաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ուղեծրից եւ հավանաբար հաջորդ վարչակազմի օրոք Արեւմուտքի հետ հարաբերությունների հարցում էլ ավելի հաջողության կհասնի: Ինչպես ասում են` «Մոսկվան միանգամից չի կառուցվել»: Քաղաքական այս խճապատկերում Մոսկվան իր ուշադրությունը սեւեռում է Ղրիմի, մասնավորապես` Սեւաստոպոլի վրա: Ռուս սոցիոլոգներից մեկը նույնիսկ պատերազմ է կանխագուշակում: Ռուսաստանը Ուկրաինայի ինտեգրումը ՆԱՏՕ-ին լուրջ սպառնալիք է համարում եւ կամենում է վերանայել իր սահմանները Ուկրաինայի հետ: Սա աղմկահարույց իրավիճակ չէ. նույնօրինակ նախադեպ նկատելի էր դեռեւս Ելցինի օրոք: Ոմանք այս խնդիրը դիտարկում են հոգեբանության հարթության վրա եւ համարում են նախախորհրդային բարդույթ: Այս խնդրում եւս լուրջ դեր կխաղա Մոսկվա-Կիեւ-Վաշինգտոն եռանկյունին:
Գոհար Բարսամյան
No comments:
Post a Comment