«Ես որոշակի հասարակական կարծիք եմ ձեւավորելու, որ չճանաչվի այս իշխանությունը: Ինչ քաղաքական ձեւ դա կընդունի` այսօր ես դեռ չեմ կարող ասել,թե ինչ քաղաքական գործողությունների դա կվերածվի` ցույց կտա ժամանակը:
Ասեմ միայն, որ դրա համար օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները»:
Ռուսական ,Նովիե Իզվեստիաե թերթին տված հարցազրույցի ընթացքում, առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ես որոշակի հասարակական կարծիք եմ ձեւավորելու, որ չճանաչվի այս իշխանությունը: Ինչ քաղաքական ձեւ դա կընդունի` այսօր ես դեռ չեմ կարող ասել, թե ինչ քաղաքական գործողությունների դա կվերածվի` ցույց կտա ժամանակը: Ասեմ միայն, որ դրա համար օգտագործելու ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները»:
Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ խոսքն արդեն իսկ հասցրել է հասարակական-քաղաքական դաշտում արժանանալ տարբեր գնահատականների, որոնց թվում զգալի մաս է կազմում այն, թե նրա այդ մոտեցումն ապակառուցողական է եւ բացարձակապես չի կարող նպաստել ստեղծված լարվածությունը հաղթահարելուն եւ բարդ իրավիճակից դուրս գալուն:
Իրականում սակայն, լարվածության հանգուցալուծմանը առաջինը խոչընդոտում են հենց այդ գնահատականները, որոնց հեղինակներին թվում է, թե իրենք հանդես են գալիս կառուցողական մոտեցումներով եւ այդպիսով իրապես նպաստում են ներքաղաքական եւ ներհասարակական լարվածության թուլացմանը: Ավելին, եթե խորապես դիտարկում ենք իրավիճակը, ապա կառուցողական են ոչ թե փոխադարձ վստահության, հանդուրժողության, իշխանությանը ժամանակ տալու եւ այլ այդօրինակ կոչերն ու ձեւակերպումները, այլ հենց այն, ինչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Մի պահ մոռանանք, թե ով է դա ասել: Հայաստանում շատ հաճախ չափից ավելի մեծ ուշադրություն է դարձվում ով-ի, քան ինչ-ի վրա: Իհարկե, կարեւոր է, թե ով է ինչ ասում, բայց վերջին հաշվով կարեւորն ինչն է, այլապես Հայաստանում վաղուց արդեն ոչ ոք ոչինչ չպիտի ասեր, քանի որ բոլորին էլ հասարակությունը ճանաչում է: Եվ այսպես, մոռանաք, թե ով է ասում, որ օրենքով թույլատրված բոլոր միջոցներն օգտագործելու է, որպեսզի հասարակությունը չվստահի իշխանությանը: Խնդիրն այն է, թե ասվածն ինչ տրամաբանություն ունի: Եթե նայում ենք «կառուցողականության» այն դիրքերից, որոնք տարիներ շարունակ հաստատվել են Հայաստանում, ապա դա ուղղակի ոտնձգություն է պետականության հիմքի հանդեպ եւ երեւի թե հենց միայն այդ արտահայտության համար կարող են քրեական գործ հարուցել ու ձերբակալել մարդուն: Ի դեպ, եթե առկա «կառուցողականությունը» հաղթանակի վերջնականապես, ապա անկասկած այդքան էլ հեռու չէ այդ օրը:
Սակայն, եթե փորձում ենք ասվածը դիտարկել հակառակ տեսանկյունից, ապա հասկանում ենք, որ խնդիրը ընդամենը երկրում ընդդիմադիր քաղաքական ուժի առկայությունն է: Հայաստանում այսօր փաստացի չկա ընդդիմություն, որն ունակ լինի գեներացնել իշխանության քաղաքականությունից հասարակական դժգոհությունը եւ դրան տալ քաղաքական գործընթացի ձեւ: Այդ իրողությունը բավական վտանգավոր է այն իմաստով, որ իշխանությունը պարզապես չի ունենում որեւէ մրցակից: Հիմա, երբ կնքվեց քառակողմ կոալիցիոն համաձայնագիրը, թե Օրինաց երկիրը, թե Դաշնակցությունն այլեւս չեն կարողանալու ստանձնել հասարակական դժգոհությունների գեներատորի դեր, ինչը կմտահոգի իշխանությանը: Իսկ եթե իշխանությունը նման զարգացումից իրեն ապահովագրված է համարում, եթե չի տեսնում, որ կա մի ուժ, որը կարող է հասարակական տրամադրությունները համակարգել եւ դրանց տալ իշխանության համար պայքարի ձեւ, ապա այդ իշխանությունն այլեւս չունի որեւէ առանցքային բարեփոխման մոտիվացիա:
Հայաստանում ստեղծված վիճակը թելադրում է, որ պետք է լինի մի ուժ, որից իշխանությունն զգա ռեալ վտանգ: Վտանգ ոչ ֆիզիկական, այլ քաղաքական իմաստով, որ այդ ուժը կարող է հասարակական-քաղաքական լուրջ շարժում առաջացնել: Ներկայում այդ ուժը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, դուր է գալիս դա շատերին, թե ոչ: Քննարկելի հարց է, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմն են, որ Հայաստանում պետք է իրականացնեն իրական բարեփոխումներ, ինչի մասին հայտարարում էին նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածում, ինչպես որ քննարկելի է այն, թե արդյոք Սերժ Սարգսյանն ու նրա թիմը պետք է իրականացնեն այդ բարեփոխումները, որի մասին հավաստիացնում են այժմ: Այդ հարցերը քննարկելի են, թեեւ երեւի թե հանրության գրեթե յուրաքանչյուր անդամ իր համար երեւի թե արդեն տվել է այդ հարցերի սեփական պատասխանը: Միգուցե Հայաստանն ունի ոչ միայն նոր որակի իշխանության, այլ նաեւ նոր որակի ընդդիմության կարիք: Այդ ամենը քննարկելի հարց է: Սակայն, եթե չկա այդ նոր որակի ընդդիմությունը, եթե դեռեւս չեն ձեւակերպվել այդ ընդդիմության պահանջվող որակների հիմնական սկզբունքները, ապա դա դեռ չի նշանակում, որ երկրում ընդդիմություն լինելու ցանկացած փորձ ապակառուցողական է:
Մտահոգիչն այն չէ, որ ինչ որ մեկը հայտարարում է, թե օրինական միջոցներով փորձելու է ձեւավորել հասարակական կարծիք, որը չի վստահում իշխանությանը: Խնդիրը, եւ թերեւս մեծագույն խնդիրը, այն է, որ իշխանությունն ի պատասխան այդ մոտեցման, չի փորձում օրինական միջոցներով ձեւավորել հասարակական կարծիք, որը կվստահի իշխանությանը: Թե չէ աշխարհում այլ մեխանիզմ չկա` ընդդիմությունը փորձում է համոզել հանրությանը, որ իշխանությունը վատն է, իսկ իշխանությունն էլ փորձում է անել հնարավորինս լավ բաներ, որ ընդդիմությունը չհամոզի հանրությանը: Այդպես է պետություն կառուցվում, ոչ թե այնպես, երբ բոլորը հավաքվում են մի տեղ, այդ տեղը փակում են ոստիկաններով, իսկ մնացյալին անվանում են խուլիգան ու թմրամոլ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ. «ԼՐԱԳԻՐ», 16.04.08
No comments:
Post a Comment