Saturday, July 26, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄՇԵՆԻՆ ԵՎ ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ ժողովրդի մշակույթի պատմության ամբողջացման առումով անչափ կարեւոր է համշենահայ մշակույթի ուսումնասիրությունը եւ այն ճանաչելի դարձնելը,- հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը «Համշենական շաբաթ»-ի շրջանակներում «Համշեն եւ համշենահայեր. պատմություն եւ մշակույթ» թեմայով հուլիսի 23-ին Երեւանում կայացած միջազգային գիտաժողովի բացմանը:Գ.Գյուրջյանը նշեց, որ արաբական բռնություններից խուսափելու նպատակով Սեւ ծովի հարավարեւելյան ծովեզրյա լեռնային տարածքներում բնակություն հաստատած հայերը 8-9-րդ դարերում հիմնադրեցին Համշենի փոքրիկ, բայց ինքնավար հայկական իշխանությունը, որը յոթ հարյուրամյակ գոյատեւելուց հետո, անգամ կորցնելով իր ինքնավարությունը` շարունակեց մնալ զուտ հայկական եւ հայաբնակ` մշտարթուն` դիմակայելու ուծացմանն ու հավատափոխությանը: «Ծովային Հայաստանը», ինչպես անվանվում է Համշենը 15-րդ դարի վերջերին կազմված մի հիշատակարանում, ավելի ուշ ընկնելով Օսմանյան կայսրության տիրապետության տակ, շարունակեց իր գոյությունը 18-րդ դարում ավելի ու ավելի ուժգնացող թուրքական ճնշման տակ. հեմշինները աստիճանաբար սփռվեցին Սեւ ծովի հարավային ափերին` Սինոպից մինչեւ Բաթում: 19-րդ դարի 60-70-ական թվականներին, իսկ Մեծ եղեռնից հետո` ավելի լայնածավալ, նրանք գաղթեցին եւ հաստատվեցին Սեւ ծովի կովկասյան ափերին` հիմնականում Վրաստանում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում եւ Կուբանում: «Մեր ժողովրդի շատ հատվածների ճակատագրից 1-ին հայացքից ոչնչով չտարբերվող համշենահայության ճակատագիրը սակայն, ակնհայտորեն ուներ դժվարին մեկ այլ պարագա. համշենահայությանը վիճակված էր իր պատմության հաջորդ ընթացքը կերտել եւ իր հանապազօրյա կյանքն ապրել այն պետության սահմաններում, ուր ծրագրվեց ու իրականացվեց հայկական եղեռնը»,- ասաց փոխնախարարը:ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ նման գիտաժողով Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում, այն նպատակ ունի համալիր հետազոտություն կատարել Համշենի եւ համշենահայության խնդիրների վերաբերյալ: Նա կարեւորեց այն, որ միջազգային գիտաժողովում հնարավորություն կա համշենահայերի խնդիրները քննարկել թուրք գործընկերների հետ. գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Թուրքիայից, Ռուսաստանից: Վերջին տարիներին Թուրքիայում հետաքրքրությունը Համշենի, նրա պատմության եւ մշակույթի նկատմամբ բավական մեծ է. ոչ միայն կատարվում են գիտական հետազոտություններ, այլեւ նույնիսկ պաշտպանվում են թեկնածուական ատենախոսություններ. «Մեր թուրք գործընկերների հայացքների մի մասը մեզ համար ընդունելի չէ, մանավանդ դա կապված է նրանց այն տեսության հետ, որ համշենցիները ծագումով թյուրքական ցեղերի ներկայացուցիչներ են: Այս մոտեցումը սկիզբ է դրվել դեռեւս 30-ական թվականներին պաշտոնական թուրքական պատմագիտության շրջանակներում»,- ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը: Նա նշեց, որ գիտաժողովի նյութերը հրատարակվելու են եւ դրվելու գիտական շրջանառության մեջ, ինչը կնպաստի Համշենի ուսումնասիրությանը համաշխարհային մասշտաբով:Գիտաժողովի մասնակիցներին ողջույնով դիմեց Ռուսաստանի հայերի միությանն առընթեր Համշենահայերի ասոցիացիան, որ ստեղծվել է օրերս:Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը եւ հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը: Գիտաժողովի օրակարգում ընդգրկված շուրջ 15 գիտնականների զեկույցները առնչվում էին տարբեր գնահատականներով` 100 հազարից մինչեւ մեկուկես միլիոնի հասնող համշենահայերի պատմությանը, մշակույթին:

No comments: