Saturday, July 26, 2008

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱԼԱԾՎՈՒՄ ՈՒ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔ» ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ,- ԱՍՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԱՂԱՅԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին շաբաթներին Ջավախքում հայերի հանդեպ իրականացվում են սադրանքներ, որոնց առիթներից մեկն է հանդիսացել հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ իրականացված պայթյունը, որի հետեւանքով ոչ տունն է տուժել, ոչ էլ որեւէ մեկը: Այս մասին հուլիսի 22-ի ասուլիսում հայտարարեց «Ջավախք» խորհրդի անդամ Արմեն Աղայանը: Նրա խոսքերով, սադրանքներն ու հալածանքները ուղղված են «Միասնական Ջավախք» դաշինքի ակտիվիստների դեմ: Ա.Աղայանը հիշեցրեց, որ դեռեւս 2006թ.-ին Հայաստանի իշխանությունները անհիմն կերպով կալանավորեցին, ապա դատեցին եւ երկրից արտաքսեցին դաշինքի ակտիվիստ Վահագն Չախալյանին: «Ես համոզված եմ, որ դրանով մեր իշխանությունները կատարում էին Վրաստանի իշխանությունների խնդրանքը»,- ասաց Ա.Աղայանը:Ըստ նրա, Վրաստանում վտանգ են տեսնում դաշինքի մեջ, որովհետեւ այն Ախալքալաքում մեծ հեղինակություն է վայլելում. դաշինքը տարիներ առաջ կազմակերպում էր 10-12 հազարանոց հանրահավաքներ, ստիպում էր վրաց պաշտոնյաներին` հայերին կամայականորեն չազատել աշխատանքից, դեմ էր արտահայտվում հակահայկական ցանկացած նախաձեռնության: Այդ ամենը, ինչպես նշեց Ա.Աղայանը, չէր կարող դուր գալ Վրաստանի իշխանություններին:Օրեր առաջ, նրա խոսքերով, զինված հարձակում է իրականացվել «Միասնական Ջավախք» դաշինքի մեկ այլ հայտնի անդամ Գուրգեն Շիրինյանցի տան վրա: Դրանից հետո ձերբակալվել են դաշինքի համարյա բոլոր ակտիվիստները: «Այն պահից, երբ Հայաստանի իշխանությունները հայրենիքից արտաքսեցին Վ.Չախալյանին, վրացիների համար կանաչ լույս վառվեց, եւ այժմ նրանք ինչ ուզում` անում են մեր տղաների հանդեպ»,- ասաց Ա.Աղայանը: Նա հավելեց, որ ստեղծված վիճակից ելք չի տեսնում, բայց գտնում է, որ Հայաստանը պետք է ամեն կերպ պաշտպանի Ջավախքի իր զավակներին:Նշենք, որ նախօրեին` հուլիսի 21-ին, Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին հասցեագրված բաց նամակով Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով իր մտահոգությունն է հայտնել Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը:«Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջեւանի ճակատագրին արժանանալու ճանապարհին: <...> Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային «հայ» սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին` հայաթափեն Ջավախքը: Հալածանքներ եւ հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ: Որոշ դեպքերում այս սադրանքներին նպաստեցին նաեւ ՀՀ իշխանությունները` մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով Վրաստանի իշխանությունների խնդրանք-պատվերը»,- ասված է նամակում: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը Վրաստանի իշխանություններից պահանջում է դադարեցնել ջավախահայ հայրենասեր ուժերի նպատակային հետապնդումները, իսկ Հայաստանի իշխանություններից` անհապաղ միջամտել Ջավախքի հայ բնակչության իրավունքները դիվանագիտական ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար:

No comments: