Thursday, July 17, 2008

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

«ԼՐԱԳԻՐ», 11.07.08: Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հուլիսի 11-ի համագումարում պատասխանել է նույն համագումարը ոջունած Տիգրան Սարգսյանի այն մտքին, որ ներկայում միասնության, ոչ թե բաժանումների ժամանակն է:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, այո, ներկայում միավորման ժամանակն է, միասնության ժամանակը, սակայն դա պետք է տեղի ունենա ճշմարտությունը բացահայտելու միջոցով: Ժառանգության ղեկավարը մասնավորապես նկատի է ունեցել նաեւ մարտի 1-ի իրադարձությունները, խոսելով դրա պատասխանատուներին, ժողովրդի դեմ գործված ոճիրի մեղավորներին բացահայտելու անհրաժեշտության մասին, քանի որ առանց այդ ճշմարտության, երկիրը չի կարող առաջ ընթանալ:
Այդ համատեքստում նա մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու է համարել նաեւ Հայաստանի խորհրդարանին, ասելով, թե ինչպես կարելի է վստահել այն խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությանը, որը մեղսակից է եղել մարտի 1-ի իրադարձություններին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՐՋԱՆ
Հայաստանի համար այժմ խիստ վտանգավոր շրջան է, եւ խնդիրը Րաֆֆին, մեկ մարդու քայլը, մեկ մարդու պահվածքը չէ: Այդ մասին հուլիսի 7-ին Հայելի ակումբում լրագրողներին հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, ԵԽԽՎ աշխատանքը բոյկոտելու մասին հայտարարած Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, լրագրողների խնդրանքով մնեկնաբանելով բոյկոտի իր քայլը: Նրա խոսքով, Հայաստանի ամբողջ հասարակությունը պետք է մտահոգ լինի երկրի ժողովրդավարության մակարդակով:
Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանի ներքին իրավականության, լեգիտիմության բացակայությունը ազդում է արտաքին հարցերի վրա, ինչի վկայությունը կարելի է համարել Ադրբեջանի մասին ԵԽԽՎ բանաձեւը, երբ այդ երկրի ժողովրդավարությունը Եվրոպան պայմանավորում է տարածքային ամբողջության վերականգնումով, կամ էլ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը, որով միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխությունը համարվում է անընդունելի, կամ նույն ԵԽԽՎ նախագահի Բաքվում արած հայտարարությունը, երբ նա Ղարաբաղը համարել է օկուպացված տարածք, ըստ Ադրբեջանի մամուլի
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հայաստանի պատվիրակությունն իր ամբողջ ռեսուրսները, ներուժը ներդրեց, որպեսզի մեր երկրի մասին բանաձեւը մի քիչ ընդունելի լինի, մինչդեռ եթե Հայաստանը լինի ժողովրդավարական պետություն, ապա մեր պատվիրակությունը այնտեղ կարող է իրապես արդյունավետ աշխատել եւ կարող է մրցակցել մեր տարածաշրջանի հարեւանների հետ եւ չդրվել նրանց հետ նույն նժարին: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ երբ ԵԽԽՎ նախագահը հաջորդ շաբաթ գա Հայաստան, նրան պետք է հարցնել, թե այդ ինչ փաստերի հիման վրա է Ղարաբաղը համարել օկուպացված տարածք:
Ներկա դրությամբ Հայաստանն ու ԵԽԽՎ-ն արժանի չեն իրար, եւ ես ցավում եմ դրա համար, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը, նշելով, թե ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական դմեքով վերադառնա Եվրոպա:

No comments: