Tuesday, July 22, 2008

Իրան-Հայաստան բարեկամության միություն

2008թ. հուլիսի 14-ին, երեկոյան ժամը 6-ին, Թեհրանի «Արարատ» մարզավանում, կայացավ Իրան-Հայաստան բարեկամության միության հիմնադրման առիթով կազմակերպված ձեռնարկը, ուր իրենց ներկայությունն էին բերել պետական եւ համայնքային հյուրեր, ԻԻՀ Արտաքին եւ Ներքին գործերի ու նաեւ Իսլամկան մշակույթի եւ առաջնորդության նախարարությունների ներկայացուցիչները, Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր պրն. Ռոբերտ Բեգլարյանը, Հայաստանում Իրանի նախկին երկու դեսպաններ՝ պարոնայք, Սոբհանին եւ Հաղիղիանը, Իրանում ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպան պրն. Կարեն Նազարյանը, ԹՀԹ Թեմական խորհրդի նախագահ դոկտ. Աիդա Հովհանիսյանը, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ:
Ձեռնարկը սկսվեց Իսլամական մշակույթի եւ առաջնորդության երգչախմբի միջոցով, որ գերազանցորեն ղեկավարում էր մաեստրո Ռազմիկ Օհանյանը:
Ապա բարի գալստյան խոսքի հետ միատեղ հնչեց ասմունքներ եւ այնուհետ բեմ հրավիրվեց Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ պրն. Լեւոն Ահարոնյանը, օրվա առիթով իր խոսքն ասելու:
Պրն. Ահարոնյանը հետդարձ ակնարկ նետելով հայ-իրանական հարաբերություններին, համեմատական զուգահեռներ անցկացրեց երկու հնամյա ժողովուրդների միջեւ եւ շեշտեց, որ հայերը եւ իրանցիները հատուկ անհերքելի նմանություններ ունեն: Նա ասաց, երկու ժողովուրդներն էլ արիացիներ են, լեզվական շատ նմանություններ ունեն, մշակույթի եւ արվեստի նկատմամաբ մեծ սեր են տածում, սիրում են իրենց պատմությունը եւ բոլոր այն ինչը, որ յուրացնում են լրիվ հայկականացնում կամ իրանականացնում են: Այդ պարագան իրեն ցույց է տվել նույնիսկ կրոնում, ահա տեսեք՝ Հայ եկեղեցին քրիստոնեությամբ այլ եկեղեցիներից տարբեր չլինելով հանդերձ, լրիվ այլ է, յուօրինակ է, ազգային է: Այդպես է պարագան նաեւ Իրանում՝ թեեւ նույն իսլամն է գրքով, սակայն մոտեցմամբ այլ է, այն շիական է եւ արդարության կողմնակից:
Լ. Ահարոնյանը իր խոսքի վերջում համագործակցության հրավեր ուղղեց բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հայ-իրանական հարաբերություններն օրեցօր ծաղկուն տեսնել:
Օրվա առիթով իրենց հատուկ խոսքն ասացին նաեւ Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպանները, պրն. Ռոբերտ Բեգլարյանը, դոկտ. Աիդա Հովհանիսյանը, համալսարանի դասախոս եւ բանաստեղծ պրն. Գարմառուդին ու նաեւ Իրանում ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպան պրն. Կարեն Նազարյանը:
Վերջինս խոսելով Իրան-Հայաստան անընդմեջ զարգացող հարաբերությունների մասին ասաց, որ վստահ է երկու հարեւան երկրների հարաբերությունները գնալով էլ ավելի կսերտանան եւ այդ գործում իր մասնավոր դերակատարությունը կունենա իրանահայ համայնքը, որը մինչեւ այսօր եւս ունեցել է այդ դերը եւ դարերի ազնիվ աշխատանքով այս բարեկամ երկրում իր նկատմամաբ շահել է հարգալից վերաբերմունք:
Ձեռնարկի շրջանակում կազմակերպվել էր նաեւ իրանահայ մամուլի փոքրիկ ցուցահանդես, որտեղ խտրական մոտեցման արդյունքում բացակայում էր «Արաքս»-ը, ինչն, ընդհանրապես, սազական չէր Իրան-Հայաստան բարեկամություն անունը կրող միությանը: Հուսանք առաջիկայում նման պարտադրանքների չի ենթարկվի այդ միությունը եւ մանավանդ նրա նախագահը:
Ձեռնարկն ավարտվեց հյուրասիրությամբ եւ շնորհավորանքներով:

Իրան-Հայաստան բարեկամության միությունը քանի տողով
Իրան-Հայաստան բարեկամության միությունը հիմնադրվել է որպես ոչ-պետական, ոչ-քաղաքական, ոչ-շահադիտական ու հասարակական կազմակերպություն, անդամների մասնակցության հիմունքով:
Միության հիմնական նպատակն է՝ ամրապնդել ու տարածել երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամական ու եղբայրական կապերը, ինչպես եւ զարգացնել Իրան-Հայաստան մշակութային, գրական, արվեստից, գիտական, տեխնիկական, տնտեսական, առեւտրական, հասարակական ու հաղորդակցական ընդհանուր նպատակները:
2007թ. հոկտեմբերին՝ միությունը որպես Հասարակական կազմակերպություն (NGO), գրանցվել է Իրանի Ներքին գործերի նախարարության համապատասխան հիմնարկությունում:
Իրան-Հայաստան բարեկամության միության կանոնադրությունը ու գրանցումը իրականացրել է 15 հոգանոց հիմնադիր կազմը, որից հետո Միության ղեկավարման աշխատանքները փոխանցվել է Վարչության ու Քննիչ մարմնին:
Միությունը բաղկացած է հինգ մասնագիտական բաժիններից՝
1- Մշակութային, արվեստից, գրական ու զբոսաշրջիկության
2- Գիտական, տեխնիկական, կրթական ու հետազոտական
3- Հասարակական, տեղեկատվական, զանգվածային լրատվական միջոցների ու հասարակական կազմակերպությունների
4- Տնտեսական, առեւտրական ու արդյունաբերական
5- Մարզական ու երիտասարդական:

No comments: