Sunday, September 7, 2008

ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՏԱՐԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարբերությունների հավանական կարգավորման պարագայում առաջիկայում հնարավոր են տարածաշրջանում նոր զարգացումներ: Այս կարծիքը սեպտեմբերի 3-ին «Նովոստի-Արմենիա» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Բանախոսը համոզված է, որ այս խնդիրը ոչ միայն հայերին ու թուրքերին է վերաբերում, այլ նաեւ տարածաշրջանային նշանակություն ունի. այն ներառում է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաեւ գերտերությունների վերաբերմունքը Հայաստան-Թուրքիա հարբերությունների կարգավորման հարցում: Հ.Դեմոյանի խոսքերով, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հնարավոր այցը Հայաստան աննախադեպ կլինի հայ-թուքական հարաբերություններում. «Տեղի է ունենալու աննախադեպ մի հանդիպում թե' քաղաքական, եւ թե' սառույցը կոտրվելու հավանականության առումով: Փաստորեն, 16 տարի այդպիսի սառը հարաբերություններից հետո միանգամից կտրուկ անցում է կատարվում. առաջին դեմքի այց մի երկիր, որի հետ չկան դեռեւս հաստատված դիվանագիտական հարաբերություններ»: «Ցայսօր Հայաստանի` դիվանագիտական հարաբերությունների հաստատման ցանկացած փորձ հանդիպել է թուրքական կողմի նախապայմաններին: Մինչդեռ Թուրքիայի նախագահի հավանական այցից առաջ չեն եղել այդպիսիք»,- ընդգծեց պատմաբանը: Բանախոսը «ճիշտ արված հայտարարություն» որակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գյուլին արված առաջարկը` երկու երկրների ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու վերաբերյալ, իսկ երկու երկրների միջեւ պաշտոնական հարաբերությունների կարգավորումը, ըստ նրա, շահեկան է Հայաստանի համար: «Ես սա համարում եմ շանս»,- ասաց Հ.Դեմոյանը` կարծիք հայտնելով, որ «այս այցը նախասկիզբը կլինի ինչ որ գործողությունների հետագա զարգացման»:

No comments: