Դուք աշխարհում չեք գտնի մի հայի, ով չհավատա, որ ցեղասպանություն չի եղել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի իր գործընկեր Աբդուլլա Գյուլն` սեպտեմբերի 6-ին ժամանեց Երեւան, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը ներկա գտնվելու համար: Օգոստոսի վերջավորության, թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Գյուլի Հայաստան այցելությունը նախ եւ առաջ կարեւոր է երկու երկրների հարաբերությունների բարելավվման համար, որոնց միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ սահմանը փակ է վերջին 15 տարիների ընթացքում:
«Եթե չհավատայի այդ այցի կարե-վորությանը, ապա չէի հրավիրի հարգարժան Գյուլին: Մենք հարե-վաններ ենք:
Ապրել ենք դժվար ժամանակներ համատեղ պատմության մեջ: Հայաստանը պատրաստ է հարաբերությունների զարգացմանը եւ նույնը ակնկալում է նաեւ Թուրքիայից»,-ասել է ՀՀ նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե հավատում է Ս. Սարգսյանը ընթացող գաղտնի բանակցությունների դրական ելքին, նա ասել է, որ «չէի աջակցի դրանց, եթե դրական ելքի հույս չունենայի»: Սարգսյանը նաեւ ավելացրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման ընթացքը վկայում է, որ երկու երկրների ղեկավարները գտնվում են կարեւոր որոշումներ կայացնելու նախաշեմին:
«Դրանք կլինեն ոչ սովորական որոշումներ, եւ լիովին կարժանան Հայաստանի ու Թուքիայի հավանությանը: Ես համոզված եմ, որ դրական որոշումն աջակցություն կստանա երկու երկրների հասարակությունների կողմից»,-ասել է Սարգսյանը:
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Անկարայի կողմից չի դիտում որպես երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման: «Դուք աշխարհում չեք գտնի մի հայի, ով չհավատա, որ ցեղասպանություն չի եղել: Միաժամանակ մենք ոչ մի դեպքում Ցեղասպանության ճանաչումը չենք դիտում որպես Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման: Հենց դրա համար էլ մենք խոսում ենք Թուքրայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»,-ասել է ՀՀ նախագահը:
Խոսելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին, Սարգսյանը նկատել է, որ երկու երկրների ազգային հավաքականները առաջին անգամ են հանդիպում: «Այս իրադարձությունը կարող է կարեւոր հնարավորություն դառնալ մեր հարաբերությունների զարգացման համար»,- նշել է Հայաստանի նախագահը:
Աբդուլլա Գյուլ.
«ԲՈԼՈՐՍ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀՈՂԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՔ»
Պատասխան հարցազրույցում «Ռադիկալին» ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը
Թուրքական «Ռադիկալ» թերթը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հրապարակել էր օգոստոսի 28-ի համարում: Հարցազրույցը վարել էր Մուրադ Եթքինը: Հայաստանի նախագահի հարցազրույցի հրապարակման օրը նույն Եթքինը դրա գնահատականն ստանալու ակնկալիքով դիմել էր Թուրքիայի նախագահին, որն հարցերին պատասխանելիս, թուրք լրագրողի արտահայտությամբ, «Սերժ Սարգսյանի նման պատմական ուղերձներ է հղել նաեւ Աբդուլլա Գյուլը»:
«Բոլորս միեւնույն հողի զավակներն ենք» վերնագրով օգոստոսի 29-ին «Ռադիկալում» հրապարակված նախագահ Գյուլի հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը միասին դիտելը պատեհ առիթ է հարաբերությունների զարգացման համար:
- Ուշադիր կարդացի հարգարժան Սերժ Սարգսյանի հետ ձեր հարցազրույցը: Համարում եմ կարեւոր հարցազրույց: Ես դա ընկալեցի խնդիրների կարգավորմանն ու թյուրըմբռնումների հաղթահարմանը նպաստելու օրինակ բոլոր մակարդակներում:
- Դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման առնչությամբ Հայաստանում կան պահանջ եւ ակնկալիքներ: Այս հարցում կարելի՞ է զարգացում ակնկալել:
- Անկեղծորեն աջակցում եմ տարածաշրջանի խաղաղության համար վերջին շրջանում ցուցաբերվող ջանքերին: Կարծում եմ, որ կարեւոր է առիթների օգտագործումը: Մեր ցանկությունը հետեւյալն է` ուզում ենք մեր խնդիրները լուծել բոլոր հարեւանների հետ: Շատ մեծ նշանակություն ենք տալիս հիմնախնդիրների երկխոսության ճանապարհով կարգավորմանը: Մենք տարածաշրջանում խնդիր լուծող երկիր ենք, իսկ Կովկասում խիստ կարեւորում ենք խաղաղությունն ու կայունությունը:
- Այդ դեպքում, ո՞րն է խնդիրների լուծմանը խանգարող հանգամանքը:
-Հավատացած եմ, որ սառեցված հակամարտությունների, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկխոսության միջոցով եւ համարձակությամբ մեծապես կհանգստացնի եւ բարեկեցություն կպարգեւի տարածաշրջանի մարդկանց: Ես այս մասին Ղազախստանում` Աստանայի հանդիպմանը ասել էի նաեւ հարգարժան Սարգսյանին: Այս տարածաշրջանը մեր բոլորի տարածաշրջանն է: Բոլորս միեւնույն հողի զավակներն ենք: Պատմության մեջ տարիներ ի վեր թուրքերն ու հայերը միասին գոյակցել են այս հողում: Այն աստիճանի, որ օսմանցիները «հավատարիմ ազգ» հորջորջեցին հայերին, պետական կարեւոր պաշտոններում նշանակեցին նրանց: Ունեցել ենք դառը եւ քաղցր բազմաթիվ հուշեր: Ինչպես վերջին անգամ արտահայտվել էի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին նվիրված արարողությանը, մեր սրտով անցնում է օրերից մի օր տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունն այս նախագծերին: Հավատում եմ, որ մշակույթով եւ ավանդույթներով միմյանց շատ մոտ կանգնած տարածաշրջանի մարդիկ, որքան էլ էթնիկապես եւ կրոնով տարբերվեն, անվտանգ միջավայրի ստեղծման դեպքում հասնելու են ենթադրությունները գերազանցող կայունության եւ բարեկեցության մակարդակի: Ինչպես ասացի, ուշադիր հետեւում ենք զարգացումներին:
«ԱԶԳ», 30.08.08
Saturday, September 6, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment