Saturday, September 6, 2008

«Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ)

ՈՒՂԵՐՁ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ հայաստանյան անկախ ոչ կառավարական կազմակերպությունը, որպես Հայաստանյան ինքնուրույն քաղաքացիական կառույց, իր խիստ մտահոգությունն ու բողոքն է հայտնում Արցախյան հիմնախնդրի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ Հայաստանի Հանրապետության` ՀՀ խոցելի իշխանությունների կողմից վերջերս հնչող հայտարարությունների եւ նախաձեռնությունների կապակցությամբ, որոնց անմիջապես հետեւեցին նրանց հավատարիմ պաշտոնական «ընտրախավերի» ու «մասնագետների» ամբոխավարական թմբկահարումները` փորձելով հայ ժողովրդին «մարսեցնել տալ» այս ապազգային եւ հակապետական քայլերը: Ցավով ենք ստիպված արձանագրել, որ 1991թ. Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ազգային-պետական արտաքին քաղաքական խնդիրներում ՀՀ բոլոր իշխանություններն ունեցել են միեւնույն պարտվողական դիրքորոշումը: 1996թ-ին այսպիսի դիրքորոշումը դարձավ իշխանությունների հանդեպ անվստահության հիմնական պատճառներից մեկը, որը 1998թ-ին հանգեցրեց առաջին նախագահի հրաժարականին: ՀՀ իշխանությունների պարտավորությունն է կառավարել երկիրը հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերին ծառայելով, եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքներին հետեւելով: ՄԻԺԻ-ն իր պաշտոնական հանդեսի` «Տեսակետ-ՄԻԺԻ»-ի խմբագրականների միջոցով (թիվ 24, դեկտեմբեր 2007 եւ թիվ 25, մայիս 2008, www.idhr.am ) եւ ՄԻԺԻ-ի մարտի 1-ի իր ուղերձով (www.idhr.am) արդեն իսկ ահազանգել է այն մասին, որ մեր ներկա քաղաքական եւ հասարակական ընտրախավերը կրկին անգամ բացել են մեր պետականության «բերդի դարպասները» եւ յուրաքանչյուրը փորձում է հավաստել իր «լավ ծառա» լինելը «օտար տերերին»` իշխանությունը ստանալու կամ պահելու համար զիջելով ազգային-պետական շահերը եւ, պատրաստ լինելով ամեն քայլի: Վառ ապացույցն են ս.թ. մարտի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար A/62/L.42 բանաձեւը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Ադրբեջանին վերաբերվող հունիսյան համար 1614 բանաձեւը, ինչպես նաեւ ամենաբարձր մակարդակի հայաստանյան պաշտոնյաների եւ օտարերկրյա դիվանագետների կողմից արված հայտարարությունները եւ նախաձեռնությունները: Այս հակապետական եւ մեր ազգի արժանապատվությունը ոտնահարող կեցվածքի եւս մի դրսեւորումն է բարձրագույն մակարդակով Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու եւ Թուրքիայի իշխանություններին բարեկամական ժեստեր անելու պաշտոնական քայլերը: Այս ամենը հետեւեցին ՀՀ ներկա իշխանություների լեգիտիմությունը հարցականի եւ կասկածի առիթ հանդիսացող ս.թ. փետրվարյան անարդար ընտրությունների եւ մարտի 1 բռնությունների ու կամայականությունների: Մենք չենք ընդունելու որեւէ առեւտուր Արցախյան հիմնահարցի, Հայոց Ցեղասպանության եւ բովանդակ հայ ժողովրդի ու պետականության կենսական շահերին հակասող որեւէ այլ խնդրի շուրջ: Ահազանգում ենք եւ զգուշացնում, որ նման առուծախ ձեռնարկելու դեպքում ՀՀ իշխանությունների եւ նրանց արբանյակը հանդիսացող այլասերված ընտրախավերի ԴԵՄ առավել զորեղ կերպով Է դուրս գալու հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում` իր ամբողջ ներուժով ու կազմակերպված կառույցներով: Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ` ՄԻԺԻ Երեւան, 21 հուլիսի, 2008թ.

No comments: