Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան (ԽՍՀՄ-ի տարիներին՝ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկը») հարցման միջոցով որոշում է տարվա լավագույն մարզիկին: 2008-ը հարուստ էր հայ մարզիկների նվաճումներով, ուստի այս անգամ Հայաստանի լավագույն մարզիկին որոշելն այնքան էլ դյուրին խնդիր չէ: Հարցմանը մասնակցած մարզական 43 լրագրողներն այս անգամ նախապատվությունը տվել էին Պեկինի օլիմպիադայի 6 մրցանակակիրներին եւ շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի մեր չորս հիմնական հերոսներին, որոնք էլ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում:
Անկեղծ ասած, մի փոքր անսպասելի էր, որ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել շախմատիստը: Թեեւ միջազգային գրոսմայստեր, համաշխարհային երկու օլիմպիադաների չեմպիոն, մի շարք մրցաշարերի հաղթող Գաբրիել Սարգսյանն իրոք արժանի է լավագույնի տիտղոսին: Նա 313 միավորով գլխավորում է Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկը: Գաբրիելն արդեն 2-րդ օլիմպիադայում է ոչ միայն մեր թիմում լավագույն արդյունքը ցույց տալիս, այլեւ մյուս մասնակիցների մեջ լավագույններից մեկն էր: Նա 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Այդ արդյունքը լավագույնն էր 3-րդ խաղատախտակի վրա: Անհատական վարկանիշը Գաբրիելը բարձրացրեց միանգամից 30 կետով:
2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են ծանրորդներ, Եվրոպայի չեմպիոններ եւ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (289 միավոր) ու Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (276):
4-րդ հորիզոնականում է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը (245 միավոր), որն ընթացիկ մրցաշրջանում էլ վստահ է խաղում մի շարք մրցաշարերում, իսկ Դրեզդենում առաջին խաղատախտակի վրա կայուն ելույթներ ունեցավ՝ իր ավանդն ունենալով թիմի ընդհանուր հաջողությունում:
Լավագույն հնգյակը եզրափակում է հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանցի մարզիկ Յուրի Պատրիկեեւը (241), որը վերջին տարիներին պաշտպանում է Հայաստանի մարզական պատիվը: Անցած տարի Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Պատրիկեեւն արժանացել էր բրոնզե մեդալի եւ հենց նրա այդ նվաճման շնորհիվ Ադրբեջանի մայրաքաղաքում վեր բարձրացավ հայկական եռագույնը: Ընթացիկ մրցաշրջանում էլ նա հիանալի հանդես եկավ նախ Եվրոպայի առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ապա բրոնզե մեդալ նվաճեց Պեկինի օլիմպիադայում՝ պարտվելով ապագա չեմպիոնին:
208 միավորով 6-րդ տեղում է Վլադիմիր Հակոբյանը, որը 2-րդ խաղատախտակի վրա վստահ խաղաց՝ 11 հնարավորից վաստակելով 8 միավոր: Նրանից 13 միավոր պակաս վաստակեց 7-րդ հորիզոնականը զբաղեցրած հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Ռոման Ամոյանը: 164 միավորով 8-րդ տեղում է ծանրորդ Գեւորգ Դավթյանը, որը եւս Պեկինում բրոնզե մեդալ նվաճեց: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը 117 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ նրանից մեկ միավոր պակաս վաստակած միջազգային գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը եզրափակեց լավագույն տասնյակը:
Բացի 10 լավագույններից, մարզական լրագրողներն իրենց հարցաթերթիկներում նշել են եւս 11 մարզիկների՝ բռնցքամարտիկներ, Եվրոպայի չեմպիոններ Հովհաննես Դանիելյանին ու Էդուարդ Համբարձումյանին, ծանրորդներ, Եվրոպայի չեմպիոնուհիներ Մելինե Դալուզյանին, Նազիկ Ավդալյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին, թհեքվոնդոյիստ, Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանին, հրաձիգ Նորայր Բախտամյանին, ձյուդոյիստներ Արմեն Նազարյանին, Հովհաննես Դավթյանին, սամբիստ Աշոտ Դանիելյանին ու շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանին:
Wednesday, December 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment