Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառելու պայմանավորվածությունն ուժի մեջ է
Azg. 24-12-2008- Առաջին անհրաժեշտության ապրանքների եւ մասնավորապես բենզինի ու դիզվառելիքի Հայաստան ներկրելու խնդիրը սրվեց այս տարվա օգոստոսին՝ ռուս-վրացական ռազմական բախման ժամանակ: Նման իրավիճակներից խուսափելու համար Հայաստանի կառավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի իշխանությունների հետ կառուցելու խողովակաշար, որով այդ երկրից բենզինը եւ դիզվառելիքը կտեղափոխվեն Հայաստան: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասնեց, որ խողովակաշարը կձգվի Թավրիզի նավթամշակման գործարանից մինչեւ Երասխ, որտեղ կկառուցվի տերմինալ: Բենզինի եւ դիզվառելիքի նման տեղափոխումը մի քանի անգամ ավելի էժան կլինի, քան ավտոմեքենաներով եւ երկաթուղով բերելը: Նախատեսվում է խողովակաշարի կառուցման աշխատանքները սկսել եկող տարվա գարնանը եւ ավարտել 2 տարվա ընթացքում: Նախարարի հավաստմամբ, 250 մմ տրամագծով խողովակաշարի կառուցման ժամանակ հաշվի են առնվել առաջիկա 10-15 տարում Հայաստանի զարգացման հեռանկարները: Նախագիծը կարժենա մինչեւ 240 մլն դոլար, Հայաստանն ու Իրանը կունենան 50-ական տոկոս բաժնեմասեր:
«Ազգի» հարցին, թե խողովակաշարի կառուցումը արդյոք նշանակո՞ւմ է, որ այն փոխարինել է Հայաստանի տարածքում նավթազտարանի կառուցման գաղափարին, Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ նավթազտարանի կառուցման գաղափարը ուժի մեջ է: Աշխատանքներ են կատարվում շահութաբեր տարբերակ գտնելու համար, եւ երբ այդ տարբերակը լինի, խողովակաշարը կդառնա դրա հանգույցներից մեկը:
Խոսելով 2008-ին կատարվածի մասին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը որպես կարեւոր իրադարձություն ընդգծեց Իրան-Հայաստան գազատարի Քաջարան-Արարատ հատվածի ավարտն ու գազատարը գազասպառման համակարգին միացնելը: Հաջորդը Երեւանի ՋԷԿ-ի տարածքում նոր շոգեգազային տուրբինով կայանի կառուցումն է, որի շինարարական աշխատանքների մեծ մասն ավարտվել է: Հունվարին փորձարկվելու է գերմանական «Ալստոմ» ընկերության նոր տուրբինը, եւ մինչեւ 2010-ի առաջին կիսամյակի ավարտը նոր կայանը պատրաստ կլինի: Անցնող տարվա եւս մեկ կարեւոր նախագիծն էլ ուրանի հետազոտման, արդյունահանման եւ մշակման հայ-ռուսական ընկերության ստեղծումն է: Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ ընկերությունը սկսել է գործել, իսկ եկող տարվա սկզբին կսկսվեն հորատման աշխատանքները:
2008-ին իրականացվել են նոր ատոմակայանի տեխնիկատնտեսական հաշվարկները, ուրվագծվել նոր էներգաբլոկի կառուցվածքն ու հզորությունները: Մի քանի օրից կհայտարարվի նոր ԱԷԿ-ի կառուցման կառավարչի ընտրության մրցույթ: Նախարարի հավաստմամբ, նոր ԱԷԿ-ը չի կառուցվի կոնկրետ որեւէ երկրի տեխնոլոգիաներով, այլ կկիրառվի աշխարհի տարբեր երկրների լավագույն փորձը: Այն կկառուցվի Մեծամորի տարածքում:
«Ինչպե՞ս կազդի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի էներգետիկ նախագծերի վրա» հարցին պատասխանելով, Արմեն Մովսիսյանը հավաստիացրեց, որ սկսված ծրագրերն ամբողջությամբ կիրականացվեն, իսկ նոր ծրագրերի հետ կարող են լինել որոշ խնդիրներ: Խոսելով որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել կառուցելու Իրան-Հայաստան երկաթուղու Թավրիզից մինչեւ Հայաստանի սահման հատվածը, իսկ Հայաստանը ֆինանսական աղբյուրներ է որոնում մեր երկրի տարածքում երկաթուղու շինարարության համար: Ֆինանսավորման հարցն, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, եկող տարի կլուծվի:
Նախարարը վերահաստատեց նախկինում իր հաղորդած տեղեկությունը, որ Հայաստանը եկող տարվա մարտից էլեկտրաէներգիա է արտահանելու Թուրքիա: Նա հայտնեց, որ իրենց թուրք գործընկերները վստահեցնում են, որ պայմանագիրն ուժի մեջ է եւ խնդիրներ չեն լինի:
Արմեն Մովսիսյանը երեկ անդրադարձավ նաեւ ատոմակայանի աշխատակիցների հետ իր հանդիպմանը, որոնք պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը: Նախարարն ասաց, որ ըստ ծրագրի, յուրաքանչյուր տարի ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանում են 10 տոկոսով: Ատոմակայանի աշխատակիցներին ներկայացվել է աշխարհում եւ մեզ մոտ ստեղծված իրավիճակը, նշվել, որ ամեն ինչ կարվի աշխատավարձերի նախատեսված 10 տոկոսով բարձրացումն իրականացնելու համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Tuesday, December 23, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment