Lragir.22-12-2008- Դժվար է իհարկե Սերժ Սարգսյանի վիճակը: Թվում է, որ նա իսկապես կրակն է ընկել Ռոբերտ Քոչարյանի կատարած սխալի ձեռքը եւ կրում է նախորդ նախագահի կատարածի հետեւանքի ծանրությունն ու փորձում դուրս գալ դրա տակից: Իշխանությունը հենց այդպես էլ փորձում է ներկայացնել իրավիճակը, երբ իր տարբեր գործիչների միջոցով խոսում է ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի որոշման մասին, ըստ որի ԵԽԽՎ-ին առաջարկվում է Հայաստանին զրկել ձայնից: Այդ գործիչները, որպես այդօրինակ առաջարկի անարդարացիության վկայություն, մատնանշում են այն, որ մարտի 1-ից հետո Հայաստանում իրավիճակը ոչ թե վատացել է, այլ հակառակը` բարելավվել: Դրա ենթատեքստն այն է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է շտկել իրավիճակը, խուսափել բռնություններից եւ նույնիսկ ապահովել առաջընթաց մարդու իրավունքի, խոսքի ազատության, քաղաքացիական եւ քաղաքական ազատությունների այլ հարցերում:Կարծես թե այդ փաստարկները երկաթյա են եւ դժվար է վիճարկել: Իսկապես, մարտի 1-ից հետո Հայաստանում քաղաքացիների վրա նոր կրակոցներ չեն եղել, նոր զոհեր չկան եւ դա միայն բավական է ասելու համար, որ Սերժ Սարգսյանն ավելի ժողովրդավար նախագահ է, քան Ռոբերտ Քոչարյանը: Նույնիսկ կարող են ասել, որ Սերժ Սարգսյանը հենց ժողովրդավար եւ հանդուրժող լինելու համար էր շարունակաբար արգելում ընդդիմության հանրահավաքները, իհարկե ոչ անձամբ, այլ համապատասխան մարմինների օգնությամբ: Շատերը կարող են զարմանալ, թե ինչ հանդուրժողության եւ ժողովրդավարության օրինակ կարող է լինել ընդդիմության հանրահավաքների եւ երթերի շարունակական արգելումը: Սակայն պետք չէ շտապել: Ասենք, բռնակալ Ռոբերտ Քոչարյանը դրանք չէր արգելի, այլ հնարավորություն կտար, որ իրականացնեն, որպեսզի ինքն էլ նոր մարտի 1-եր անելու հնարավորություն ունենա, իսկ Սերժ Սարգսյանն արգելում է հանրահավաքները հենց սկզբից, որ հենց սկզբից էլ կանխի մարտի 1-ի կրկնության ցանկացած հավանականություն, քանի որ նրա համար ընդունելի չէ հասարակության վրա ուղղված որեւէ կրակոց: Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի: Ի դեպ, որեւէ մեկը թող չկարծի, թե պատահական էր, որ օրինակ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ հանրապետությունում տեղի ունեցած քրեական ռազբորկաների հետեւանքով որեւէ անմեղ քաղաքացի չի զոհվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք այդօրինակ ռազբորկաներից լինում էին անմեղ զոհեր քաղաքացիների շրջանում: Արդյոք ակնառու չէ առաջընթացը: Իհարկե ակնառու է, հետեւաբար իհարկե ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը հանդես է բերել կուրություն եւ անարդարացիություն:Բայց, հասկանալի է ինքնին, որ խնդիրն ամենեւին էլ դրված չէ Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հետ համեմատության մեջ: Օրինակ, եթե մի մարդ բանտում է սերիական մարդասպանության համար, դա դեռ ամենեւին չի նշանակում, որ գրպանահատը բանտում է հայտնվել դատարանի անարդարացի վճռի հետեւանքով: Դրանից բացի, երբ դիտարկում ենք Հայաստանի իրավիճակը մարտի 1-ից առաջ, մարտի 1-ին եւ դրանից հետո, ապա պարզ հարց է առաջանում, թե իսկ ինչ էր անում Սերժ Սարգսյանն այդ ժամանակահատվածներում: Նա վարչապետ էր` պաշտոնապես երկրի երրորդ, իսկ փաստացի առնվազն երկրորդ դեմքը, իսկ փոփոխված Սահմանադրության պարագայում էլ նա ընդլայնված լիազորությամբ խորհրդարանի բացարձակ մեծամասնության ղեկավարն էր: Հետեւաբար, նա մասնակից էր իշխանության որոշումների կայացմանը: Այսինքն, Սերժ Սարգսյանը պատասխանատու է այդ որոշումների համար` թե եթե մասնակցել է դրանց, թե նույնիսկ եթե անմասն է եղել: Եթե մասնակցել է, ապա ինքնին հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կրում է դրանց պատասխանատվությունը, իսկ եթե չի մասնակցել, ձեռքերը լվացել ու կանգնել է մի կողմ, ապա հարց է առաջանում, թե ինչու, թե արդյոք դա դիտավորյալ անտարբերության դրսեւորում չէ, որպեսզի հետագայում պատասխանատվությունն ամբողջությամբ մնա Ռոբերտ Քոչարյանի վրա, եւ խաղարկվի ներկայիս հայտնի սցենարը, թե “այդ ես չէի, այդ Ռոբերտ Քոչարյանն էր, եւ անրադարացի է, որ նրա սխալների համար ամբողջությամբ եւ միանգամից հատուցեմ ես”:Եթե Սերժ Սարգսյանը վեր կենա ու հայտարարի, որ մարտի 1-ին ինքը դեմ էր իշխանության այդօրինակ ուժային գործողություններին եւ կողմ էր խնդիրը երկխոսության միջոցով լուծելուն, ապա դա կարող է փոխել այդ ժամանակ իշխանության վարքի հարցում նրա դերակատարության պատկերը: Քանի դեռ այդ հայտարարությունը չկա, ապա Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ հավասարապես պատասխանատու է կատարվածի համար, հետեւաբար այժմ նա հենց իր սխալների ծանրության տակ է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի: Նրանցից ամեն մեկը “սխալվում” էր իր համար` մեկը, որ դառնա նախագահ, մյուսը` որ չդառնա թոշակառու: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը թերեւս անկարող է հրապարակային հայտարարությամբ առանձնանալ մարտի 1-ից: Դա առաջին հերթին սխալ կհասկանա իշխանական համակարգը եւ գուցե Սերժ Սարգսյանը միանգամից դառնա այն, ինչից խուսափելու համար մարտի 1-ին կտրուկ որոշումներ էր կայացնում Ռոբերտ Քոչարյանը: Եվ դրանից բացի, մարտի 1-ից առանձնանալու դեպքում Սերժ Սարգսյանն այլեւս որեւէ կերպ չի կարող բացատրել կամ հիմնավորել ընդդիմության առաջնորդների եւ ակտիվիստների մի մասին բանտում պահելու հանգամանքը: Իհարկե, իշխանությունն այդ բանը հիմա էլ չի կարողանում հիմնավորել եւ գուցե հենց դրա համար է, որ ԵԽԽՎ մոնիտորինգի որոշումը համարում է անհիմն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, December 23, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment