Փոփոխությունների նախագծեր միանգամից երեք օրենքում
«Ազգ» 17.12.2008- Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, եթե 1990-1992 թվականներին ծնելիությունը պահպանել է 70.000-ի սահմանը, ապա 1995-ին դարձել է 48.000: 2006 թվականին ծնելիության ցուցանիշը հասել է տարեկան մինչեւ 37.000-ի, որից հետո սկսել է բարձրանալ տարեկան մոտ 2 հազարով:
ՀՀ զինվորական կոմիսարի տվյալներով, 1990 թվականին ծնվել է շուրջ 40.000 տղա: Ամեն տարի բանակ պարտադիր ծառայության է մեկնում Հայաստանի զորակոչային ռեսուրսների մինչեւ 70 տոկոսը: «30 տոկոսը ուսանողներն են, առողջության պատճառով ծառայությունից ազատվածները եւ այլն», նշեց ՀՀ զինվորական կոմիսար Կամո Քոչունցը: Պաշտպանության նախարարությունում հաշվարկել են` 2016 թվականին զորակոչիկների թիվը կկազմի ընդամենը 11.000: «Մենք խնդիր ունենք պահպանելու բանակի այսօրվա քանակը», ասաց Կամո Քոչունցը:
«Հայկական բանակում այսօր ծառայում է 50.000 զինծառայող, 20.000 էլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում: Ադրբեջանի բանակը 125.000 է: Ադրբեջանում հաշվարկել են, որ պատերազմ սկսելու համար իրենց անհրաժեշտ է մինչեւ 200.000 զինծառայող: Առաջիկա տարիներին նրանք իրենց բանակը կարող են հասցնել մինչեւ 140.000-ի», ասաց արցախյան պատերազմի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Ժողովրդագրական խնդիրների պատճառով բանակի մարտունակության անկումը կանխելու համար պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարությունները «Զինապարտության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» 3 օրենքներում պատրաստել են փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծեր: ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը նշեց. «Փոփոխությունների համաձայն, 18 տարեկան տղաները, ուսանող են, թե ոչ, պետք է ծառայեն բանակում»:
«Նման փոփոխության դրական արդյունքը կարող է կարճաժամկետ լինել: Կտուժի գիտությունը: Գիտությունների զարգացումը կրթական ուղու անընդհատություն է պահանջում: Սակավ կրթված հասարակություն կունենանք, քանի որ բանակից եկած ոչ բոլոր երիտասարդներն են շարունակում կրթությունը», ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը համոզված է. «Բանակի համալրման խնդիրը համապետական հնչեղություն ունի: Սակայն կրթության ընթացքի ընդհատումն ազդում է որակի վրա: Այսօր մենք ինտելեկտուալ ոլորտում միջազգային մրցակցության պետք է դիմանանք»:
ԵՊՀ ուսանող Հովսեփ Ղազարյանը բանակում ծառայելուն դեմ չէ: Նա պատրաստվում է ծառայել բանակում, սակայն բուհն ավարտելուց հետո: «Ծառայությունն էլ այլ որակ է ստանում, երբ բանակ ես գնում ավարտելուց հետո», համոզված է նա:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ օրինագծին ինքը դեռ ծանոթ չէ: «Ինձ անհանգստացնում է հասարակական քննարկումներում դրսեւորվող երկու ծայրահեղություն: Սկսում են վարկաբեկել կրթական համակարգը հանուն բանակի կամ էլ ճիշտ հակառակը: Ես անգամ հանդիպել եմ «Ո՛չ բանակին, այո՛ կրթությանը» նախադասությամբ պաստառների: Երկու համակարգերում էլ խնդիրներ կան, սակայն նման ծայրահեղականացումը ես անչափ վտանգավոր եմ համարում: Բանակը չպետք է լինի բանվորագյուղացիական: Բանակն այսօր պահանջում է կիրթ մասնագետներ», նշեց Արմեն Աշոտյանը:
«Ինչպե՞ս եք պատրաստվում բանակն ապահովել 18-ամյա կիրթ մասնագետներով», հակադարձեց ԵՊՀ ուսանող Դանիել Իոաննիսյանը: Նա կողմ է բանակում ծառայելուն, սակայն ցանկանում է նախ ավարտել կրթությունը: Դանիելն առաջարկում է վերաբացել ռազմական ամբիոնները բուհերում, նշելով, որ ինքը պատրաստ է մինչ բանակում ծառայության անցնելը, ստանալ լրացուցիչ ռազմական գիտելիքներ:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը եւս օրինագիծը դեռ չի տեսել: Սակայն վստահ է, բանակն առանց բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների դժվար է պատկերացնել: «Բարձրագույն կրթությամբ երիտասարդներն անհրաժեշտ են կրտսեր հրամանատարական պաշտոններում: Նրանք ավելի փորձառու են, այլ պատկերացումներ ունեն եւ այլ որակ են հաղորդում բանակին», ասաց Արթուր Աղաբեկյանը:
«Զինվոր եւ իրավունք» ՀԿ-ի նախագահ Էմմա Հունանյանին այլ խնդիր է անհանգստացնում. «Օրենքն ընդունման դեպքում արդյոք հավասարապես կտարածվի՞ բոլորի վրա: Պաշտոնյաների տղաները ե՞ւս 18-ը լրանելուց հետո կմեկնեն բանակ: Հարկավոր է բարձրացնել վստահությունը բանակի նկատմամբ, որպեսզի չծառայելն ամոթ համարվի եւ ոչ թե բոլորը ձգտեն բանակից ազատվել»:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը նշեց, որ օրենքների փոփոխությունների փաթեթը կառավարության քննարկմանը կդրվի արդեն 2009 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Մինչ կառավարության հավանությանն ու Ազգային ժողովին ներկայացնելը անցկացվելու են նախագծերի հասարակական քննարկումներ:
ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, December 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment