Wednesday, December 17, 2008

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՀԱԲԵՐ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ

BBC-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդը Ստամբուլից գրում է վերոնշյալ խորագրի ներքո Հրանտ Դինքի եւ այլոց մասին, որոնց սպառնում է նույն ճակատագիրը: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 29-ի համարից: Ընդամենը մեկ ամիս հետո նշվելու է Դինքի սպանության երկրորդ տարելիցը: «Ազգ» 17.12.2008-Լրագրող Հրանտ Դինքը առաջինն էր, որ սպանվեց այն պատճառով, որ որոշ տարրեր Թուրքիայում չեն հանդուրժում այն ամենը, ինչ նա քարոզում էր: Ազգայնամոլների համար նա դավաճան էր: Մի երկրում, որտեղ ամեն մի քաղաքացու թուրք են համարում եւ թուրք բնորոշում, Դինքը իրեն հայ բնորոշեց եւ «կործանարար» ազդեցություն ունեցավ որոշ մարդկանց շրջանում: Բայց նա ավելի առաջ գնաց եւ գրեց 1915 թվին Օսմանյան Թուրքիայում հարյուր հազարավոր հայերի տարագրության եւ սպանության մասին: Հայերի համար կատարվածը ցեղասպանություն էր: Անկարան կտրականապես ժխտում է նման պնդումը: Դինքին մեղադրեցին թուրքականությունը վիրավորելու մեջ: Այստեղ դա քրեականորեն պատժելի հանցագործություն է: Ազգայնամոլներն իր գրասենյակի առաջ սկսեցին գոռալ «Սիրիր Թուրքիան կամ հեռացիր երկրից»: Նա ստացավ հարյուրավոր սպառնալիքներ: Նրա սպանությունից հետո հայերի մեծամասնությունը վախվորած լռության մատնվեց: Բայց Հրանտի այրին` Ռաքելը շարունակում է ամուսնու առաքելությունը: «Հրանտը չէր կարող հրաժարվել իր պաշտպանած սկզբունքներից: Նա փորձում էր համոզել թուրքերին, որ բազմազանությունն ու բազմակարծությունը սպառնալիքներ չեն», ասում է Ռաքելը եւ շարունակում. «Լինելով հայ նա թուրքերի երեսին ասաց ճշմարտությունը: Դա վիրավորեց նրանց, եւ նրանք սպանեցին Հրանտին»: Թուրքիայի արդարադատության նախարարը համամիտ է այս տեսակետին եւ հավատարիմ իր համոզմունքներին թույլ է տվել, որ մեկ ուրիշ գրողի դեմ հայցը (ցեղասպանությունը ակնարկած լինելու համար) շարունակվի քննարկվել դատարանում: «Այդ մարդը Թուրքիան ոճրագործ պետություն է համարում», ասել է Մեհմեդ Շահինը: «Հրանտը շատ մեղմ լեզվով էր գրում, բայց նույնիսկ դա նրանք չէին հանդուրժում», բացատրում է Ռաքելը: Եվրոմիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումը ազգայնամոլներին առավել ագրեսիվ է դարձրել: Հայկական հարցն ու Թուրքիայի միլիոնավոր քրդերի հանդեպ վերաբերմունքը կրիտիկական մթնոլորտ են ստեղծել երկրում: Մոտավորապես 50 գրողներ դատարանում են հայտնվել անցյալ մայիսից ի վեր նույն մեղադրական հայցով: «Ժողովրդավարություն նշանակում է ինքնաքննադատություն, հարցերի առաջադրում: Իսկ նրանց (ազգայնամոլներին) դա դուր չի գալիս: Հենց սկսում ես հարցեր առաջադրել, դառնում ես դավաճան», նշում է Ումուտ Օզքիրիմլին` Ստամբուլի Բիլգի համալսարանից: Առնվազն քսան գրողներ Թուրքիայում թիկնապահներ են պահում: Օրալ Չալըշլարը նրանցից մեկն է: Հրանտի ընկերներից է եւ երկրի քրդական քաղաքականության քննադատողներից մեկը: Տասնյակ սպառնալիքներ է ստացել: «Ցանկանում ենք փոխել մեր երկիրը, դարձնել ժողովրդավարական: Եվրոմիությանն անդամակցելն այդ քայլերից մեկն է, բայց որոշ ուժեր փորձում են փակել մեր բերանները», ավելացնում է նա: «Սա մեկընդմիշտ տարվող պայքար է բարեփոխումներ ցանկացողների եւ նրանց միջեւ, ովքեր դեմ են դրան: 80 տարի թաքուն է մղվել, հիմա բարձրաձայնում ենք»: Հրանտ Դինքն այդ պայքարի առաջին գծում էր: Այժմ նշաններ կան, որ հետագա պայքարը շարունակելու է թեժ լինել: 80 ծայրահեղ ազգայնականներ դատարան են կանչվել կառավարությունը տապալելու եւ ժողովրդավարության գործընթացը խանգարելու մեղադրանքով: «Էրգենեքոն» խմբակցությունը նպատակ ուներ քաոս ստեղծելու երկրում եւ այդ մթնոլորտից օգտվելով ստիպելու զինվորականությանը իշխանության գլուխ գալ: Թարգմ. Հ. Ծ.

No comments: