Friday, December 26, 2008

Ատոմային նոր էներգաբլոկի շինարարությունը Հայաստանում կարող է սկսվել 2011 թվականի սկզբին. նախարարի տեղակալ

HayInfo. 25-12-2008- Ատոմային նոր էներգաբլոկի շինարարական աշխատանքները Հայաստանում կարող են մեկնարկել 2010 թվականի վերջին-2011 թվականի սկզբին, հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան Ըստ նրա, 2009թ.-ին կընտրվի խորհրդատվական ընկերություն, որը կզբաղվի ատոմային նոր էներգաբլոկի շինարարության մենեջմենթի հարցերով։ «Ենթադրվում է, որ 2010 թվականի սկզբում մենք ներդրողների հետ բանակցային գործընթաց կսկսենք, որը կավարտվի տարվա կեսին՝ համապատասխան համաձայնագրերի ստորագրումով»,- ասաց նա։ Գալստյանը նշեց, որ դրան զուգահեռ, կառավարող ընկերությունը կմշակի և կներկայացնի էներգաբլոկի հայեցակարգային դիզայնի նախագիծը, որի վերջնական տարբերակը կհստակեցնի այն տեխնոլոգիաների սպեկտրը, որոնք անհրաժեշտ կլինի օգտագործել ատոմային էներգաբլոկում։ Հայաստանը ծրագրում է կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային նոր էներգաբլոկ, որը կարժենա 5 մլրդ ԱՄՆ դոլար։ Նախագծի իրագործման համար օտարերկրյա կապիտալի ներգրավման նպատակով ՀՀ խորհրդարանը 2006 թ.-ին օրենսդրորեն վերացրել է նոր ատոմային բլոկերի սեփականության իրավունքի պետական մենաշնորհը։ Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ: ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։

No comments: